Լյուցեռն.-ՕՐԵՐ.-Նոյեմբերի 19-27-ը Լյուցեռնում անցկացվեց հանրահայտ միջազգային դաշնամուրային փառատոնը, որի բացումը կատարեց ռուսաստանցի հայտնի դաշնակահար Գրիգորի Սոկոլովը։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 20-ին, Ստեղնաշարային օրվա շրջանակում նախատեսված երեք մենահամերգներից մեկը վստահվել էր մեր տաղանդաշատ հայրենակցուհի, վիեննաբնակ հայտնի դաշնակահարուհի Նարե Արղամանյանին։ Նրա ելույթի ծրագիրը կազմված էր ռուսական կոմպոզիտորների գործերից՝ Ռախմանինով, Մետներ, Գլինկա, Վալակիրեւ, Ստրավինսկի, Սկյրաբին։ Երկու ժամ տեւողությամբ ծրագիրը Նարեն նվագել է առանց ընդմիջման եւ արժանացել անդադար ծափահարությունների, որից հետո եւս երեք անգամ նվագել է փառատոնի խստապահանջ հանդիսատեսի համար։