ՊՐԱՀԱ.- Հուլիսի 22-ի երեկոյան Չեխիայի մայրաքաղաքի Պալացկի հրապարակում ՙՀայկական Վերածնունդ՚ սփյուռքյան շարժման Պրահայի մասնաճյուղի կազմակերպությամբ տեղի ունեցավ բողոքի եւ աջակցության ակցիա, որին մասնակցում էին համայնքի տարբեր խավերի ներկայացուցիչներ։ Հսկման մասնակիցներն իրենց մտահոգությունը հայտնեցին Հայաստանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ։ Մասնավորապես ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ ՙՍասնա ծռեր՚ խումբը նման խելահեղ քայլի է դիմել հուսահատությունից դրդված, ինչին հանգեցրել է հանրապետությունում ստեղծված մթնոլորտը, անօրինականության ու ամենաթողության հաղթարշավը։ Նրա ասելով, ՙՍասնա ծռերի՚՚ տղաները ոչ թե ահաբեկիչներ են, այլ հերոսներ։ Հրապարակախոս Շուշան Ղազարյանն անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի անգործությանը եւ պահանջեց վերջինիս հրաժարականը։ Նա կոչ արեց ազատ արձակել հերոս տղաներին։ Իսկ տնտեսագետ Բագրատ Առաքելյանը, ով ներկայացնում է ՙ՚Հայկական Վերածնունդ՚՚ շարժումը, խոսեց Հայաստանում ոստիկանության կողմից իրականացված անմարդկային գործողությունների մասին, կոչ անելով ոստիկանության շարքային ծառայողներին գիտակցել այն պարզ ճշմարտությունը, որ երբ փողոցից մարդ են առեւանգում, ծեծում, ջարդում, ստիպում իրենց կոշիկները համբուրել, պետք է հիշեն, որ իրենց արարքների համար պատասխան են տալու պատմության ու ժամանակի առաջ։