ՊՐԱՀԱ- Մի քանի շաբաթ առաջ արդեն սպառվել էին Սերգեյ Խաչատրյանի համերգի տոմսերը։ Եվ դա այն դեպքում, երբ համերգի մասին ոչ մի տեղեկություն չի տարածվել զանգվածային լրատվության միջոցներով եւ փողոցներում դրված գովազդային վահանակներով։ Հունիսի 4-ին ժամը 15-ին Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահի Դվորժակի դահլիճում տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ելույթ ունեցավ Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը ղեկավարում էր դիրիժոր Քրիստիան Մաքելարուն։ Նվագախումբը կատարեց Վերդիի եւ Բեթհովենի ստեղծագործություններից, իսկ Սերգեյ Խաչատրյանի հետ կատարեցին Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Սերգեյը հիացրեց իր վիրտուոզ կատարմամբ եւ նվագախմբին իր հետեւից տանելու հմտությամբ։ Դահլիճը թնդում էր ծափահարություններից, որին ի պատասխան Սերգեյը նվագեց Կոմիտասի ՙՙԾիրանի ծառը՚՚։ Դահլիճում չգտնվողների համար դժվար է պատկերացնել, թե ինչպիսի զգացմունքայնությամբ ու անթերի տեխնիկայով նա մատուցեց Կոմիտասին, որ դահլիճը մի պահ կարկամեց. լռությունից հետո հետեւեցին շռնդալից ծափերը։