Մայիսի 18-ին Սլովակիայի մայրաքաղաքի ֆիլհարմոնիայում անցկացվեց Հայաստանի անկախության 25-րդ ամյակին նվիրված տոնական համերգ՝ մասնակցությամբ Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչների։ Ներկա էին Սլովակիայի գիտության, կրթության եւ սպորտի նախարարը, մշակույթի փոխնարարը, այլ պաշտոնական անձինք, Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանն ու Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Բացելով երեկոն, Սլովակիայում Հայաստանի դեսպանը ողջունեց ներկաներին, անդրադարձավ Հայաստանի անկախության 25 ամյակին, վերջին շրջանում Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, հայ-սլովակյան հարաբերություններին։ Դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա Սլովակիայի նախկին խորհրդարանի նախագահին, ում ջանքերով 2004 թվականին ընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց նաեւ Սլովակիայի եւ Հայաստանի մշակույթի նախարարությունների պատասխանատուներին, ում շնորհիվ իրականություն դարձավ նաեւ այս համերգը։ Հայ , ռուս եւ միջազգային կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Վերդիի, Հարությունյանի, Ռախմանինովի, Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Չուխաջյանի, Վագների ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան բարիտոն Գեւորգ Առաքելովը,մեցցոսոպրանո Լիլիթ Հակոբյանը, մեցցոսոպրանո Գրետա Բաղիյանը, նվագակցում էր դաշնակահար Լեւոն Ջավադյանը։ Ներկաները ջերմորեն ընդունեցին հայ երգիչների կատարումները։