Ապրիլի 10-ին Պրահայում Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Արցախում զոհված հայ մարտիկների, հին ու նոր ննջեցյալների։ Արարողության ավարտին Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը դիմեց ներկա հայությանը, նշելով, որ հայերը իրենց հոգու ճիչն են բարձրացնում առ Աստված։ ՙՄեր քաջարի զինվորները կարողացան պաշտպանել մեր հայրենիքի սահմանները՝ դեմ հանդիման դուրս գալով չարի դեմ։ Կարծես երկնքից լույս էր իջել ոչ միայն մեր սահմանների վրա, այլ ողջ հայության։ Աստված թող մեր նահատակներին իր աջ կողմում ունենա եւ նրանց հոգին երկնային արքայություն առաջացնի, - ասաց իր խոսքում Հայր Բարսեղը։ Նա նաեւ կոչ արեց ներկաներին լինել միասնական, չընկրկել եւ աղոթել, որ այս պատերազմը շուտ վերջանա։