Ապրիլի 2-ից Պրահայի կենտրոնում գտնվող Kostel Panny Marie Sněžné եկեղեցու տարածքում (Հասցեն՝ Jungmannovo nám. 753/18, 110 00 Praha 1-Nové Město) բացվել է ՙՖոտոարտ միջազգային լուսանկարչական սալոնի Պրահա 2016՚ ցուցահանդեսը, որում ներկայացված են սալոն-մրցույթին մասնակցած եւ հաղթած լուսանկարիչների լուսանկարները։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց միջազգային սալոնի կազմակերպիչ , Չեխիայի Ֆոտոարվեստի ֆեդերացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանը, մրցույթին մասնակցել են 70 երկրների 547 հեղինակներ՝ ներկայացնելով 7030 լուսանկար։ 141 հոգի ստացել են ֆոտարվեստի միջազգային ֆեդերացիայի եւ այլ կազմակերպությունների մրցանակներ։ ՖԻԱՊ-ի Լավագույն հեղինակ է ճանաչվել չինացի Ժիանյոնգ Ժոուն /Jianyong Zhou/։ Միջազգային ժյուրիի համար շատ բարդ էր ընտրություն կատարելը, քանի որ ներկայացված աշխատանքները եղել են բարձր որակի,- ասում է Գարիկ Ավանեսյանը։