Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարար Յան Մլադեկի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը ողջունել է չեխական պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ նման այցելությունները նպաստում են հայ-չեխական կապերի հետագա ակտիվացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Երևանում երեկ մեկնարկած հայ-չեխական գործարար համաժողովը կանցնի արդյունավետ և թույլ կտա բացահայտել երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններն ու ուրվագծել համագործակցության նոր ոլորտներ: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում: