Հունվարի 13-ին Պրահայի Վացլավ Հավելի անվան գրադարանում տեղի ունեցավ ՙՀոլոքոստը եւ այլ ցեղասպանությունները՚ գրքի շնորհանդեսը, որը Հոլանդիայում լույս տեսած գրքի չեխերեն լրամշակված հրատարակությունն էր։ Նախագիծը իրականացրել է Օստրավայի ՙՊանտ՚ հասարակական կազմակերպությունը՝ ՙԺամանակակից պատմություն՚ շարքի շրջանակներում։ 1200 տպաքանակով գիրքը նախատեսված է չեխական դպրոցների ուսուցիչների եւ լայն հասարակության համար։ Ձեռնարկը բացեց ՙՊանտ՚ի նախագահ Պետր Պանեկը, ով ներկայացրեց օրվա հիմնական բանախոսին՝ գրքի խմբագիրներից եւ առաջաբանի հեղինակ Մարտին Շմոկին։ Վերջինիս ասելով Հոլանդիայում գիրքը լույս է տեսել 2012-ին, իսկ չեխական տարբերակում ավելացվել է նաեւ ձայներիզներ, որտեղ ներկայացված են տարբեր ցեղասպանությունների վերապրողների հուշեր։ Իսկ գրքում տեղ են գտել հրեական Հոլոքոստի, Հայերի ցեղասպանության, Կամբոջիայի, Ռուանդայի ցեղասպպանություններին, Հարավսլավական ճգնաժամին եւ ցեղասպանությանը, ուկրաինական Հլադոմորին նվիրված բաժիններ։ Մարտին Շմոկը հանգամանալից խոսեց նշված թեմաների շուրջ եւ ներկայացրեց նաեւ վերապրողների վկայությունների փաստավավերագրական կադրեր։ Նա կարեւորեց ֆիլմային պատմությունները, քանի որ դրանք կատարվածի մասին ավելի հավաստի տեղեկություններ են տալիս։ Գրքում ոչ միայն տարբեր հեղինակներ ներկայացրել են կատարված հրեշությունների ժամանակագրությունը, այլեւ հակիրճ գրել կարեւոր դերակատարների մասին։