Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: «Սգում ենք ողջ հայ ժողովրդի հետ: Մինչեւ վերջին րոպեն հույս ունեինք եւ աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ եւ ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեեւ մենք բոլորս սպասում եւ հավատում էինք: Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է: Չկան այնպիսի բառեր, որոնք կարող են ամոքել սարսափելի ողբերգության ցավտ: Բայց այդ պայմաններում էլ պետք է մարդ մնալ: Մեծամասնությունը դա հասկանում է: Սուգը դա ողբ է եւ աղոթք: Մենք բոլորս պետք է տեղի ունեցած ողբերգությունից դասեր քաղենք եւ անենք ամեն ինչ, որ նման բան այլեւս չկրկնվի: Կարող ենք հավաստիացնել, որ հանցագործը եւ նրանք, ովքեր կարող են նրա թիկունքին լինել, արժանի պատիժ կստանան»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել էր։ Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: