2015 թվականի նոյեմբերի 1-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատի գլխավոր դահլիճում կայացավ Պարի միջազգային մանկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Ի թիվս այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների՝ միջոցառմանը ներկա էր նաև Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: Բացման խոսքով հանդես եկավ սենատոր Յարոմիր Յերմարժը և կարևորեց նման միջացառման կայացումը, որը բխում է տարբեր ազգերի միջմշակութային երկխոսությունների և բարեկամության ամրապնդման անհրաժեշտությունից: Փառատոնին մասնակցում էին շուրջ 100 մասնակիցներ 10 երկրներից՝ Հայաստանի, Չեխիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Կոնգոյի, Գամբիայի: Կոմիտասյան երկու ստեղծագործություններ հնչեցին սոպրանո Վարինե Մկրտչյանի մեկնությամբ և Պրահայի հայկական դպրոցի սաների մասնակցությամբ /պարուսույց՝ Անժելա Մելքոնյան/: Ներկաները ցնցված էին հայկական անզուգական մշակույթի գոհարներից: