Այսօր՝ 2015 թ. հոկտեմբերի 12-ին, տեղի ունեցավ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդրանիկ մամուլի ասուլիսը, որի ընթացքում հայտարարվեց Ճակատի քաղաքական խորհրդի և նրա ղեկավարությամբ գործող Ընդդիմության միասնական շտաբի ստեղծման մասին, ինչպես նաև արծարծվեցին Ճակատի ռազմավարության և մարտավարության վերաբերյալ հարցեր: Քաղաքական խորհրդի կազմում ընդգրկված են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը և «Ոտքի՛, Հայաստան» Քաղաքացիական շարժման խորհրդի ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանը: Ընդդիմության միասնական շտաբի պետ է ընտրվել Ժիրայր Սէֆիլյանը: Ընդդիմության միասնական շտաբը տեղակայված է Երևան, Երզնկյան 75 հասցեում: