Պրահա-ՕՐԵՐ – Հոկտեմբերի 11-ին Պրահայի ՚Սուրբ Հոգի՚ կաթոլիկ եկեղեցին փոխանցվեց Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին՝ անժամկետ օգտագործման համար։ Պատմական այս իրադարձությանը ներկա էր Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, կարդինալ Դոմինիկ Դուկան, ում շնորհիվ էլ իրականություն դարձավ չեխահայերի ցանկությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի եւ կարդինալ Դուկայի միջեւ հաստատված ջերմ հարաբերությունները նպաստեցին բանակացությունների ավարտին եւ տվեցին իրենց դրական արդյունքը։ 14-րդ դարում կառուցված ՚Սուրբ Հոգի՚ եկեղեցու փոխանցման արարողությունը սկսվեց ժամերգությամբ,գոհաբանական աղոթքով,որին մասնակցեցին Հայր Բարսեղը,Կենտրոնական Եվրոպայում հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը եւ Հայկ սարկավագ Ութիջյանը։ Ժամերգությունից հետո, կարդինալ Դուկային շնորհակալանքի խոսք ասաց Հայր Բարսեղը,նշելով , որ եկեղեցու հանձնումը քրիստոնեական սիրո ու եղբայրության արտահայտություն էր։ Հայր Բարսեղը ներկա հավատացյալներին կոչ արեց այսուհետ իրենց աղոթքներով լցնել եկեղեցին եւ զորացնել։ ՙԵկեղեցին միայն պատերը չեն, այն պետք է պահենք, պահպանենք եւ հոգ տանենք մեր միասնական ջանքերով՚-ասաց նա։ Կենտրոնական Եվրոպայում հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը շնորհավորելով չեխահայ համայնքին, նշեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհակալանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցում կարդինալ Դուկային եւ նոյեմբերի 3-ին նրան սպասում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Նա մաղթեց, որ այսուհետ եկեղեցու Սուրբ հոգին ուղեկցի հայ հավատացյալ համայնքին եւ հայությունն իր ամենօրյա աղոթքներով լցնի այս եկեղեցին։