Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը շնորհավորել է պարոն Զաորալեկին ՀՀ-ում Չեխիայի դեսպանության բացման առթիվ և հույս հայտնել, որ այն իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսության տարբեր ճյուղերում փոխգործակցության սերտացումն ու խորացումը: Կառավարության ղեկավարը կարևորել է նման փոխայցելությունների իրականացումը և համոզմունք հայտնել, որ դրանք նոր թափ կհաղորդեն երկկողմ կապերի ընդլայնմանը: