Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

Հայաստանի Հանրապետութեան թանկագին բարեկամներ, քաղաքացիներ.

Մենք՝ Իրանահայերս ապրում ենք աւելի քան 2500-ամեայ պետականութեան ժառանգութեամբ մի երկրում, որն վերջին 40 տարիների ընթացքում ճաշակել է բառի ամենալայն իմաստով յեղափոխութիւն եւ սրան անմիջապէս յաջորդած՝ արեւմտեան գերուժերի հովանաւորութիւնը վայելող Սադդամեան Իրաքի պարտադրեալ 8-ամեայ աւերիչ պատերազմը: Երկու խոշոր ճգնաժամային իրադարձութիւններն էլ՝ անկախ նոր իշխանութեան կրօնա-գաղափարական կողմնորոշումներից, վերահսկւել են գերազանցապէս պետականութեան ու երկրի ամբողջականութեան համակարգի պահպանման գերնպատակը կենսագործելու անխախտ մղումներով (անցնող 4 տասնամեակի որեւիցէ իշխանական համակարգ, լինէր դա պահպանողական, բարեկարգչական թէ հոգեւոր-կղերական, չի խախտել այդ գերնպատակը): Մէկ խօսքով՝ ջանադրաբար կիրառւել են պետութեան անվտանգութեան պահպանման բնականոն չափանիշերն ու այսպէս ասած՝ ստանդարտները…:

Մինչ օրս էլ երկրի պետական-քաղաքական ողջ համակարգը աչալրջօրէն առաջնահերթ է սեպում սեփական երկրի ամբողջականութեանն ու երաշխաւորւած անվտանգութեանը սպառնացող արտաքին ախորժակների դիմակայումը, գիտակցաբար վճարելով ներքին-տնտեսական, հասարակական ու քաղաքական ինչ-որ տեղ ծանրակշիռ գինը:

Ահաւասիկ, վերոնշեալ փորձառութիւններից ելնելով, որպէս իրանահայ հինաւուրց համայնքի արդէն 90-ամեայ հասարակական-ազգային եւ քաղաքական ներկայացուցիչ խօսափող, մեզ իրաւունք ենք վերապահում (թէկուզեւ մտահոգ դիտողի դերում) կիսւել Իրանի միակ քրիստոնեայ հարեւանի՝ Հայաստանի Հանրապետութեան քոյրերի-եղբայրների հետ, հայրենի երկրում վերջին 6 ամիսների եւ ինչու ոչ դրան տոն տւող՝ վերջին 3 տարիների պետական-կառավարման համակարգում մեղմ ասած՝ անհարթութիւնների մասին, որոնք նախ յանգեցրին «թաւշեայ» կոչւող հրապուրիչ «յեղափոխութեան» ու վերջնարդիւնքում՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի…:

Ինչո՞ւ ենք ասում յանգեցրին, քանզի խորապէս համոզւած ենք, որ երկու իրադարձութիւնների պատճառահետեւանքային բոլոր նախադրեալները եւ կիրառւած (աւելի ճիշտ՝ չկիրառւած) նւազագոյն ստանդարտներն իսկ ամբողջովին իրադրային հանգամանքների հապճեպ ու սխալ հունով են ընթացել:

Երեւի հետեւեալ հարցադրումները աւելի պարզորոշ դարձնեն մեր՝ ինչպէս մտահոգ, նոյնպէսեւ զարմանքով պատած դիտորդի կարգավիճակը.-

1-Եթէ «թաւշեայ» իշխանաւորների գերնպատակը, որպէս միջազգային օրինաչափ ու ստանդարտ, պետութեան հզօրացումն էր, ապա ինչո՞ւ երկիրը 3 տարի անց ճաշակում է այն, ինչ բոլորին է յայտնի (ներքին՝ հասարակա-քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական ե՛ւ այլն…):

2-Երեք տարիների ընթացքում (դարձեալ միջազգային ու նաեւ խելամիտ օրինաչափութիւնների համաձայն) դիւանագիտական ո՞ր բացթողումներն ու ստանդարտների չկիրառումը յանգեցրեց պատերազմի:

3-Այս հարցադրումը ոչ թէ մեր, այլ ռազմաքաղաքական հմուտ եւ միջազգային յարգանք վայելող հայ նախկին ու ներկայ գեներալներն են բարձրաձայնել, ըստ որի՝ ինչու պատերազմի հէնց սկզբնական շրջանում ու յատկապէս մինչեւ Շուշիի յանձնումը, չեն կիրառւել պաշտպանական-կազմակերպական տարրական ստանդարտ-միջոցառումները:

4- Դա ի՞նչ երաշխիքներով օժտւած պայմանագիր կնքեցիք նոյ. 9-ին, որի արդիւնքում նախ Արցախեան բռնագրաււած սահմանները եւ ապա՝ ընդհուպ մինչ օրս ադրբեջանցիք GPS-ով են սահմանագծում «իրենց» նոր սահմանները արդէն Սիւնքիում ու Գեղարքունիքում...:

5-Ստանդարտների ու հակաստանդարտների այս յորձանուտում, ահա, ձախողած իշխանութիւնները միտք յղացան խորհրդարանական «Արտահերթ ընտրութիւնների» կայացման, որին էլ ճարահատւած գնում են երկրի քաղաքական-ընդդիմադիր ուժերը:

Իշխանութիւնները, սակայն, այստեղ էլ, ինչպէս ողջ անցնող երեք տարին, իր ամէն կարգի (ներքին՝ հասարակա-քաղաքական- տնտեսական եւ արտաքին՝ դիւանագիտական եւ յատկապէս ռազմական) ձախողումները բարդում ու վերագրում են ընդդիմութեանը, իմա՝ նախկինների…, երեւի որպէս ինքնարդարացման, «ամենայաջողակ» քարոզչամիջոց:

Այժմ՝ Հայաստան երկրի ու պետականութեան անվտանգութեան պահպանման երաշխիքը, այսպէս թէ՛ այնպէս, կայանում է Հայաստանի գիտակից քաղաքացիների քւէի նախ վճռորոշ որակից եւ ապա՝ քանակից, որով էլ ապացուցած կը լինի գերագոյն ստանդարտի՝ պետականութեան պահպանման իր բախտորոշ կամքի արտայայտութիւնը…:

 

Դ. Մ.