Չեխական «Դենիկ» օրաթերթը/ 02.04.22/ հարցազրույց է տպագրել հայտնի գործարար, «Մարլենկա Ինթերնեշնլ» ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանի հետ՝ անդրադառնալով նրա հիմնած ընկերության հաջողություններին եւ վերջերս Չեխիայի նախագահի կողմից պետական պարգեւի արժանանալուն։
Հեղինակը նշում է, որ երեսուն տարի առաջ Երեւանից տեղափոխվելով չեխական Օստրավա քաղաք, հայ գործարար Գեւորգ Ավետիսյանը չէր կարող պատկերացնել, որ իրենց խոհանոցում, քրոջ՝ Հասմիկի թխած մեղրով տորթերը կամ իր այլ արտադրատեսակները կդառնան աշխարհով մեկ փնտրված ապրանք։ Ավելին, ինքը կդասվի այն մարդկանց շարքը, որն արժանանում է պետական պարգեւի։
Ավետիսյանի կարծիքով, թեեւ բազմաթիվ մրցանակների են արժանացել թե՛ ինքը, եւ թե՛ իր ընկերությունը, սակայն պետական պարգեւն այլ է։ Նման նվեր երբեք չի սպասել, եւ իր համար դա մեծ անակնկալ էր։ Պարգեւատրումից հետո էլ նախագահ Զեմանն ասել է, որ ինքը վաղուցվանից գիտի Մարլենկայի մասին, դիաբետի պատճառով չի օգտագործում, բայց կինը՝ Իվանկան շատ է սիրում։ Գեւորգ Ավետիսյանը տասը տարուց ավելի աշխարհում բարձր է պահում չեխական հրուշակագործության պատիվը, ներկայացնելով նաեւ Մորավասիլեզյան երկրամասը եւ Ֆրիդեկ Միստեկ քաղաքը։
Թերթի լրագրողն անդրադարձել է նաեւ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից 2020-ին իրականացված ագրեսիային։ Գեւորգը նշում է, որ թեեւ ինքը Հայաստանից հեռացել է առաջին պատերազմի տարիներին, սակայն Հայաստանը 1,5 տարի առաջ նույն վիճակում էր հայտնվել, ինչպես Ուկրաինան եւ շատ լավ պատկերացնում է, թե ինչ են զգում այժմ ուկրաինացիները։ 2,5 միլիոն Հայաստանը Լեռնային Ղարաբաղի համար 44 օր միայնակ պայքարել է իրենից ավելի մեծ երկրների հետ՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իսլամական պետության վարձկանների, աֆղանական մոջահեդների ու Պակիստանի զինվորների դեմ՝ առանց օտար երկրների օգնության։ Գրեթե հողին հավասարեցրեցին մայրաքաղաք Ստեփանակերտը, օգտագործեցին կասետային եւ ֆոսֆորային ռումբեր, ռմբակոծեցին դպրոցներ ու սոցիալական հաստատություններ։ Այժմ էլ կրկին շարունակվում է ռազմական հակամարտությունը։ Ոչ միայն ուկրաինացիները, այլեւ հայ ժողովուրդն էլ է իր գոյության համար պայքարում։ Միայն թե շատ եմ ափոսոսում, որ աշխարհի գերտերությունները շատ քիչ բան են անում, որպեսզի ագրեսիան դադարեցվի։ Այն, որ տասնյակ հազարավոր փախստական հայեր թողեցին իրենց տները, ոչ մեկին չի հետաքրքրում, միայն կենտրոնացել են Ուկրաինայի վրա։ Նման գնահատականներ է տալիս հայ գործարարը եւ եզրափակում.
«Կներեք, Չեխիայի Հանրապետությունն արդեն իմ տունն է եւ կյանքը, բայց սիրտս հավերժորեն պատկանում է Հայաստանին»։
Այնուհետեւ Գեւորգ Ավետիսյանը պատմում է, որ Կիեւում էլ մտերիմներ ունի, որոնց օգնել է տեղափոխման հարցերում։ Ուկրաինա նախագծի շրջանակներում իրենց արտադրանքից օգնություն են ուղարկել Օստրավայում գործող կազմակերպություններին, Կարմիր Խաչին՝ փախստականներին տրամադրելու նպատակով։ Նրա կարծիքով, լավ կլիներ, որ Չեխիայում ապրող ռուս գործարարներն էլ դատապարտեին Ռուսաստանի կողմից իրականացված ագրեսիան։ Գործարանում անցած տարվանից աշխատում են 24 ուկրաինացի՝ հիմնականում կանայք, իսկ սեպտեմբեր ամսից այդ թիվը կարող է մեծանալ, քանի որ նոր աշխատատեղեր կբացվեն։
Իսկ ինչ վերաբերում է ընկերության արտադրանքին, ապա այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, «Մարլենկան» դեռեւս պահպանել է իր դիրքերը միջազգային շուկայում եւ շարունակում է աշխարհին ներկայացնել Չեխիան, Մորավասիլեզյան երկրամասը եւ Ֆրիդեկ Միստեկ քաղաքը։
ՕՐԵՐ