Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Երևանի բանակցային դիրքերը թույլ են. Radar Armenia-ի հետ զրույցում Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին իր այս կարծիքը հայտնեց միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

- Ի՞նչ եք ակնկալում Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից։ 

- Բրյուսելում կայանալիք հանդիպումից, չեմ կարծում, որևէ բեկում պետք է ակնկալել։ Այն առաջադրողների կողմից կլինեն ողջույնի արձագանքներ, կհայտարարվեն, որ հանդիպումները շարունակվելու են, և պետք է ձգտել խաղաղության բանակցությնների, և այլն։ Այսինքն, այն, ինչ առնչակից պետությունները ասում էին, կվերաձևակերպվեն։ 

Չունեմ ակնկալություն, որովհետև խաղաղության առաջարկներ անող Բաքուն մյուս ձեռքով կրակում է և սահման հատում, իսկ դա չի կարող անել՝ առանց Անկարայի թույլտվության կամ ուղիղ պատվերի։ Չմոռանանք՝ Անկարան, օգտվելով Ուկրաինայի պատերազմից ու նման գործողություններ թելադրելով, ուղերձներ է հղում իր «գործընկերոջը»։ 

- Հայաստանը պատրա՞ստ է խաղաղության բանակցությունների։

- Երևանի բանակցային դիրքերը թույլ են, ու հատկապես պատերազմից հետո պարզ է նաև, որ բանակցում են Մոսկվան և Անկարան։ Այս բանակցությունները ընդմիջում են վերցրել Ուկրաինայի պատճառով։ Հայկական կողմը, նախքան խաղաղության բանակցությնների անցնելը, ճշտել է որոշ կետեր՝ ԵԱՀԿ-Ի վերագործարկում, մշտադիտարկման և անվտանգության երաշխիքների տեղադրում, նոյեմբեր 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացում։ Խնդիրը քաղաքական ճիշտ պահի օգտագործման, միջազգային ընտանիքի և հայկական կողմի շահերի համատեղման ժամանակին է վերաբերում, իսկ ԵԱՀԿ-ի վերգործարկումը,  ըստ էության, Անկարայի դուրսմղումն է գործընթացից։  

- ՌԴ-Ուկրաինա բանակցություններ եղան Թուրքիայում. սրանից ի՞նչ շահեց Թուրքիան, և արդյո՞ք կարելի է ասել, որ նրան սա քաղաքական լրացուցիչ կշիռ տվեց։

- Անկարայի ինքնառաջադրումը՝ իբրև ռուս-ուկրաինական հակամարտության միջնորդ, իր առաջին գործնական դրսևորումներն ունեցել է։ Անթալիայում  կողմերի ներկայացուցիչների հանդիպումը հրադադարի չհանգեց, այնուամենայնիվ, նախնական արդյունքներ արձանագրեց: Սա Անկարայի դերակատարության և տարածաշրջանային գործոն դառնալու երաշխիքի նախադրյալ է։ Անկարան մի կողմից դատապարտեց ՌԴ-ի ներխուժումը, մյուս կողմից՝ չմիացավ Արևմուտքի համընդհանուր ճնշամիջոցային քաղաքականությանը: Թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի ուղղությամբ արձակված ուղերձները հող էին պատրաստում՝ պատերազմի դադարեցման համար միջնորդի կարգավիճակ ստանձնելու փորձերի համար: Անկարան իր առնչությունը հիմնավորեց նաև նրանով, որ խաղաղության հաստատումը  շահագրգռում է Սևծովյան բոլոր երկրներին:  

- Տարածաշրջանի վրա ի՞նչ ազդեցություն կունենա Թուրքիայի դերի բարձրացումն ու քաղաքական լրացուցիչ կշիռ ստանալը։

- Աշխարհագրական այս միջավայրում Անկարան Մոսկվայիի հետ փորձում է համակարգել իր գործողությունները: Բայց պահի պայմաններից օգտվելով՝ գրանցվում են դեպքեր։ Փառուխն ու Քարագլուխը Անկարայի՝ առնվազն համաձայնությամբ, եթե ոչ՝ պատվերով իրականացած գործողություններ են՝ փոխանցելու սահմանազատման և սահմանագծման օրակարգի անցնելու հրամայականը: Դրանք սահմանափակ գործողություններ են, եթե ընդունենք, որ, մեծ հաշվով, առկա է դեռևս ռուս-թուրքական համաձայնությունը կամ ռազմավարական մերձեցումը: Նույն մղումներից թելադրված տրամաբանությամբ պետք է ընկալել նաև գազատարի փակում-վերանորոգումը: Անկարայի միջնորդության առաջին դրսևորումները՝ ռուս-ուկրաինական պատերազմող կողմերի միջև հուշում են, որ տարածաշրջանում դեռևս ուժի մեջ է Մոսկվա-Անկարա ռազմավարական գործընկերությամբ նոր ստատուս քվոներ ստեղծելու իրողությունը:

Անուշ Մկրտչյան 

Արբյուր՝ Radar Armenia - Ռադար Արմենիա