Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այն որ Ադրբեջանը որդեգրել եւ իրականացնում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն, հիմնավորվում է նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանություններով: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդպիսին են օրինակ, Ադրբեջանի շարունակական պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով արձանագրվել է Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու պարտավորություն:

Սա առավել քան կամայական մեկնաբանություն է, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, թե որտեղից պետք է դուրս գան հայկական ստորաբաժանումները եւ որտեղ պետք է մնան: Ասեմ նաեւ, որ հենց Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արած հայտարարություններն են վկայում այն մասին, որ Ադրբեջանի առաջ քաշած այս դրույթը մտացածին է: 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած մեր եռակողմ հանդիպմանը նա ինքը հրապարակային հայտարարել է, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները գործնականում իրագործված են, բացառությամբ կոմունիկացիաների բացման կետի: (Ընդգծեմ, որ մեր տեսանկյունից ակնհայտորեն մինչեւ օրս ամբողջությամբ իրականացված չէ նաեւ ռազմագերիներին, պատանդներին այլ պահվող անձանց վերադարձնելու մասին դրույթը, ինչի շուրջ աշխատանքները մենք իհարկե շարունակում ենք)»,- նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում, եւ ըստ էության այս պահանջն է, որ Ադրբեջանը ձեւակերպում է. «Սրանով է նաեւ հիմնավորվում, Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն ինչից, այդ թվում հազարամյա եկեղեցիներից, խաչքարերից, գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ»,-ասաց վարչապետը: