Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բանագետ, բանահավաք, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը 2020 թ. լույս է ընծայել «Ռուսաստանի հայերի բանավոր ավանդույթի նշխարներ (Դոնի Ռոստով և Պյատիգորսկ)» աշխատասիրությունը (288 էջ) աշխատությունը։
Խոսելով սիրված մտավորականի գործունեության մասին կարող ենք նշել,որ Վերժինե Սվազլյանը հեղինակ է 500-ից ավելի գիտական և հրապարակախոսական աշխատությունների, ընդ որում՝ շուրջ 30 գրքերի, որոնք տարբեր լեզուներով լույս են տեսել Հայաստանում և արտերկրում: Բազմավաստակ գիտնականն արժանացել է հայրենական և արտասահմանյան ավելի քան երեք տասնյակ պարգևների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման գործում նշանակալից ավանդ ներդնելու համար ՀՀ կառավարության «Հուշամեդալի» (2005), ՀՀ նախագահի Առաջին մրցանակի և «Ոսկե հուշամեդալի» (2006), ՀՀ նախագահի կողմից «Մովսես Խորենացի» մեդալի (2013):
Նա գրեթե ամեն տարի իր անձնվեր գրչով ընթերցողներին է ներկայանում նոր լայնածավալ աշխատանքներով՝ընթերցողներին նվիրելով ու հաղորդելով նոր ու չբացահայտված տվյալներ մայր հայրենիքի պատմության տարբեր ժամանակաշրջանների մասին։
Վերջին գիրքը նվիրված է Նոր Նախիջևանի (Դոնի Ռոստով) հիմնադրման 240-ամյակին (1779 թ.): Աշխատության մեջ մեկտեղված են Ղրիմից՝ Նոր Նախիջևան և Արցախից՝ Պյատիգորսկ գաղթած հայ բանասացներից հեղինակի գրառած ժողովրդական բանավոր ստեղծագործությունները: Առաջինը Վ. Սվազլյանը գրանցել է դեպի Ռուսաստանի (ՌՍՖՍՀ) Դոնի Ռոստովի մարզի Նոր Նախիջևանի (Պրոլետարական շրջան) հայաբնակ վայրեր 1959 թ. սեպտեմբերին Հայաստանի ԳԱ Հասարակական գիտությունների բաժանմունքի կազմակերպած «Համալիր գիտարշավի» ընթացքում, երբ տակավին Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի ասպիրանտ էր:
Իսկ երկրորդը՝ 1964 թ. ամռանը Հայաստանի ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրինության կողմից Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաք գործուղման ընթացքում: Նոր Նախիջևանում և Պյատիգորսկում բնակվող հայերից բարբառագիտական սկզբունքներով հեղինակի գրի առած ձեռագիր աշխատանքները ցարդ պահվում էին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսական արխիվում՝ Վերժինե Սվազլյանի ֆոնդում:Գրքի զույգ հատվածները ներկայացված են եռալեզու՝ հայերեն, ռուսերեն (թարգմանիչ՝ Գայանե Հարությունյան), անգլերեն (թարգմանիչ՝ Տիգրան Ծուլիկյան) «Պատմաբանագիտական ուսումնասիրություն» և «Բանահյուսական սկզբնաղբյուրներ» բաժիններով, որոնք իրենց հերթին բաղկացած են Վիպական, Քնարական և Ասույթային բանահյուսության բաժիններից:Աշխատությունն օժտված է նաև Նոր Նախիջևանի բանասացների և նրանց հաղորդած նյութերի (161 միավոր) ու Պյատիգորսկ գաղթած արցախցի բանասացների և նրանց հաղորդած նյութերի (100 միավոր) Փաստագրական աղյուսակներով, ինչպես նաև հնատիպ լուսանկարներով:
Աշխատության բարձրորակ տպագրությունն իրականացրել է «Էդիտ Պրինտ» տպագրատունը եւ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը։
Նշենք նաեւ, որ 2021 թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Վերժինե Սվազլյանի «Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» ստվար աշխատասիրությունը (904 էջ):
Բնութագրական է գրքի խմբագիր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանի խոսքը հատորի սկզբում. ««Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» ներկա աշխատությունն իր ձևով և բովանդակությամբ հույժ արդիական է: Սույն գիտական աշխատությունը մինչև օրս հայ բանագիտության պատմության մեջ առաջինն է, որ նվիրված է հայ սփյուռքի մեծագույն համայնքներից մեկի՝ ամերիկահայոց բանավոր ավանդույթի գիտական համակողմանի ուսումնասիրությանը, որն իր պատմաճանաչողական արժեքով հայ ժողովրդի արդի մշակույթի պատմության մեջ կարևոր և բացառիկ արժեք է ներկայացնում» (էջ 7):
Աշխատության չորս մասից բաղկացած հայերեն և անգլերեն (թարգմանիչ՝ Տիգրան Ծուլիկյան) ծավալուն «Պատմաբանագիտական ուսումնասիրության» մեջ հեղինակն ամերիկահայ բանասացների հաղորդած վկայությունները հմտորեն զուգակցել է պատմական ստույգ փաստերի հետ՝ ներկայացնելով ԱՄՆ-ի հայ համայնքի ընդհանուր պատկերը սկզբնավորումից մինչև մեր օրերը: Բացի այդ, հանգամանորեն ներկայացրել է ամերիկահայ բանասացների ապրած միջավայրը, նրանց ապրելակերպը, մտածելակերպն ու խոսելակերպն արտացոլող, նրանց հաղորդած բանավոր ավանդույթի տարաբնույթ ստեղծագործությունները: Ապա՝ քանակական վերլուծության նորագույն մեթոդով բացահայտել է 100 տարիների հոլովույթում տարբեր սերունդների հայապահպանության մակարդակը:
Իսկ վերջում՝ ժողովրդական նյութերի ժանրային, թեմատիկ և գաղափարական առանձնահատկությունների վերլուծությամբ հեղինակը բնութագրել է ԱՄՆ-ի հայ համայնքի պատմական հիշողության և բանավոր ավանդույթի բնորոշ առանձնահատկություններն ու փոխակերպությունները՝ ժամանակի, տարածության և համաշխարհայնացման գործոնների ազդեցության ներքո:Հատորն օժտված է նաև անգլերեն և ռուսերեն ամփոփումներով, 206 բանասացների և նրանց հաղորդած (1.165 միավոր) նյութերի Փաստագրական աղյուսակով, օտարամույծ բառերի Բառարանով, Ծանոթագրություններով, Բանասացների և նրանց հաղորդած նյութերի, Անձնանունների, Տեղանունների, էթնոանունների և այլ ցուցիչներով, Բանասացների լուսանկարներով, ինչպես նաև «Հայերի տեղաբաշխումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում» պատկերող Քարտեզով և «Ամերիկահայոց շրջանում տարածված ժողովրդական երգերի կատարումները» (41 միավոր) ներկայացնող խտասալիկով:Աշխատության բարձրորակ տպագրությունն իրականացրել է «Էդիտ Պրինտ» տպագրատունը
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝Վերժինե Սվազլյանի անձնական արխիվից