Լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի նոր համարը(9-12-2021 թ.,) որում ամփոփվել են մի քանի ընդհանուր թեմաներ։ ՕՐԵՐ-ի այս համարի հատուկ թղթածրարը նվիրված է հայկական ավանդական կուսակցություններից մեկի՝ Ռամկավար Ազատական կուսակցության 100-ամյա հոբելյանին, կուսակցության առկա ճգնաժամին, մարտահրավերներին, բաժանումներին ու միավորման հնարավորություններին։ Այս թեմայով բացի պատմական անդրադարձից, հարցազրույցներով ներկայացրել ենք չորս ռամկավար խմբագիրների ՝ «Ազգ», «Արմինըն Միրոր սփեքթեյթըր», «Պայքար» եւ «Զարթօնք» թերթերի խմբագիրներ եւ նաեւ կուսակցության տարբեր տարիների ղեկավար պաշտոններ զբաղեցրած Հակոբ Ավետիքյանի, Երվանդ Ազատյանի, Հակոբ Վարդիվառյանի եւ Սեւակ Հակոբյանի հետ։
Հատուկ անդրադարձով ներկայացնում ենք համաշխարհային կինոյի երեւելի դեմքերից մեկին՝ Արտավազդ Փելեշյանին։
Հակոբ Ասատրյանն անդրադարձել է վարպետի վերջին տարիների հրատարակած գրքերին, ինչպես նաեւ բացառիկ հարցազրույց է տպագրել նրա տիկնոջ՝ Աիդա Գալստյան Փելեշյանի հետ։ Վարպետի հետ եւ նրա կողքին աշխատելու դասերից են պատմում կինոռեժիսորներ Հրանտ Վարդանյանն ու Հայկ Օրդյանը, որոնք արդեն իսկ ֆիլմեր են նկարահանել Փելեշյան մարդու եւ կինոգործչի մասին։
Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կարեւոր հարցազրույց ենք տպագրել Ազգային արագացում նախաձեռնության համակարգող, Աշխարհաժողովի ներկայացուցիչ Արտակ Հովսեփյանի հետ, ով մանրամասն ներկայացրել է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի մեր հասարակությունը հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Արթուր Ղուկասյանն էլ Իսպանիայից ներկայացնում է Վազգեն Գեւորգյանի հետ հարցազրույցը՝ նվիրված հայերի ու բասկերի հարաբերություններին։
Նարեկացու եւ Սայաթ-Նովայի ժառանգությանն են նվիրված հայտնի գիտնականներ Աբրահամ Տերյանի ու Հենրիկ Բախչինյանի հետ ներկայացվող զրույցները։ Լիզա Բերքյան-Աբրահամյանը Գերմանիայից ներկայացրել է Հովհաննես Թումանյանի ժառանգությունը՝ զրուցելով Ամենայն Հայոց բանաստեղծի թոռնուհու՝ բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանի հետ։
ԱՄՆ-ից գրականագետ Հովսեփ Նալբանդյանն այս համարում գրել է հայոց լեզվի պահպանության ու լեզվի մաքրության խնդիրների մասին։ Աննա Կարապետյանը ներկայացրել է Օքսֆորդի համալսարանում պահվող Հայոց ցեղասպանությանը նվիրված արխիվային փաստաթղթերը։
Հայկական ռոքի պատմությանն ու անձնական հաջողություններին է անդրադարձել ռոքի նվիրյալ Բորիս Անդրեասյանը ՝ Արծվի Բախչինյանի հարցազրույցում։ Իսկ հանրահայտ Ստաս Նամինը անդրադարձել է ոչ միայն Խորհրդային Միությունում ռոք երաժշտության զարգացմանը, այլեւ իբրեւ Անաստաս Միկոյանի թոռ՝ ԽՍՀՄ երբեմնի ազդեցիկ քաղաքական գործչի հետ կապված արխիվային նոր բացահայտումներին։
Արցախի ու հայ-թուրքական հարաբերությունների մասին է Հակոբ Ասատրյանի գրախոսականը Երվանդ Ազատյանի քաղաքագիտական հոդվածների երկհատորյակի մասին, որն արդի ժամանակաշրջանի կարեւոր խնդիրների ոչ միայն ամփոփումն է, այլեւ իրատեսական գնահատականների ու կանխատեսումների համապարփակ ժողովածու՝ ոչ միայն իշխանությունների, այլեւ քաղաքական բոլոր ուժերի համար։
ՕՐԵՐ-ի այս համարում Արցախի թեմային անդրադարձել ենք նաեւ Սլովակիայում բնակվող չեխ կինովավերագրող եւ լուսանկարիչ Լիբոր Շպիմրի Արցախին նվիրված մեծադիր պատկերագրքի ներկայացմամբ, այլեւ ներկա վիճակի մասին նրա գնահատականներով։
ՕՐԵՐ-ն անդրադարձել է նաեւ Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանի վերընտրությանը, մշակութային այլ լուրերի, ՀԲԸՄ վերջին նորություններին, եւ իհարկե, վերջերս Չեխիայի նախագահի կողմից պետական պարգեւի արժանացած հայտնի գործարար Գեւորգ Ավետիսյանի գործունեությանը։
ORER.EU