Մարտի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ վերականգնողական բաժանմունքի բացման պաշտոնական արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, նախարարության, մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, հյուրեր։
Բաժանմունքի հիմնումն իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի «Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։ Ծրագրի իրականացման համար համագործակցություն է ծավալվել նաև ՀՀ առողջապահության նախարարության, Լոռու մարզպետարանի և Վանաձորի բժշկական կենտրոնի հետ։
Վերականգնողական բաժանմունքը, ըստ ՀՀ առողջապահության նախարարի, միակն է տարածաշրջանում։
-Բաժանմունքն իր հագեցվածությամբ հնարավորություն կտա սպասարկելու ամբողջ տարածաշրջանը։ Այս պահին Վանաձորում ունենք 100 շահառու զինվոր, որոնց մեծ մասն արդեն ընդգրկված է բուժման գործընթացում,- նշեց նախարարը։
Լոռու մարզպետը լրագրողների հետ զրույցում կարևորեց մարզում նման բաժանմունքի հիմնումը․
-Նման ծառայության կարիք ունեինք օդ ու ջրի պես՝ հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Այժմ արդեն բուժման կարիք ունեցողները ստիպված չեն լինի մեկնել մայրաքաղաք և կսպասարկվեն այստեղ,- ասաց նա։
Քրիստինա Ազնավուրի խոսքով՝ պատերազմից հետո լծվել են բնակչությանն աջակցություն ցուցաբերելու գործին։ Այսպիսով՝ որոշակիորեն կմեղմեն այն մարդկանց ցավը, ովքեր վիրավորվել են, կորցրել են հարազատներ, ծնողներ, որդիներ:
Վերականգնողական բաժանմունքի նպատակն է թիրախավորել միանգամից մի քանի խնդիր՝ հոգեբանական և ֆիզիկական վերականգնողական բուժման հնարավորութուն ստեղծելով շահառուների լայն խմբի համար։ Կենտրոնից կարող են օգտվել բոլոր այն հիվանդներն, ովքեր ունեն վերականգնողական բուժման կարիք։ Ծառայությունների լավագույն որակի ապահովման նպատակով բաժանմունքին տրամադրվել է միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող 12 միավոր վերականգնողական սարքավորում։ Վերապատրաստվել են տեղի 14 մասնագետները։
Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով բժիշկների ևս 2 խումբ Ֆրանիսայից Վանաձոր կժամանի մայիսին։
Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից։
orer.eu