Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
Մարտի 13-ին Բրյուսելի «Հայ տանը» կայացավ երիտասարդ վավերագիր, լրագրող, միջազգայնագետ Սարիկ Սևադայի «Հայի հետքը Սփյուռքում» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Բելգիայի Թագավորությունում ՀՀ հյուպատոս Հրաչյա Հովհաննիսյանը, համայնքի մշակութային, հասարակական և միութենական ակտիվ գործիչները: «Հայի հետքը Սփյուռքում» գիրքը շուրջ 20 երկրներում իրենց հայանպաստ գործունեությունը ծավալող հայերի մասին է, նրանց անցած ճանապարհի, դժվարությունների, օտար բարքերին հարմարվելու, հաղթահարումների բովով անցնելու և հայի հետքը յուրովի թողնելու մասին է: Գիրքը մի նոր դուռ է բացում սփյուռքագիտությամբ զբաղվող ուսանողների, մասնագետների համար, այն Սփյուռքին առնչվող ճանաչողական գիտելիքների ձեռքբերման ճանապարհներից մեկն է նաև:
 
Սարիկ Սևադան կարողացել է բացահայտել Հայկական սփյուռքին հուզող կարևորագույն մտահոգությունները` կապված Հայաստանի հետ, որոնք խարսխվում են տարբեր ոլորտներում առավել սերտ ու համակարգված փոխհամագործակցության վրա: Գրքի հերոսները համայնքային ակտիվ գործիչներն են, մշակույթի, արվեստի ոլորտի անհատներ և գործարարներ, որոնց թվում են` Մալայզիայի հայ համայնքի ղեկավար Էմիլ Պետրոսյանը, ԱՄԷ-ի Աբու Դաբիի ազգային վարչության ատենապետ Ավետիս Մուրադյանը, Վալենսիայի հայ համայնքի ղեկավար Արարատ Ղուկասյանը, Դեն Բոսի հայ համայնքի ղեկավար Մարո Քառյանը, Թեհրանի «Արարատ» կազմակերպության ղեկավար Հենրիկ Խալոյանը, Ֆրանսիայի Լիլ քաղաքի հայ համայնքի ղեկավարներ Լուիզեթ Լամարշն ու Գարիկ Գալստյանը, Մոսկվայի Հայ Դատի ղեկավար Ներսես Ներսեսյանը, մշակութային գործիչներ Արթուր Նիկողոսյանը, Ռիտա Ղարիբյանը, Անի Գարալյան-Գիզիրյանը, աշխարհի օլիմպիական չեմպիոն, ամերիկահայ Էդվին Նաջմին, Լիբանանի «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, Պորտուգալիայում և Բելառուսում համայնքային ակտիվ գործիչներ Վահե Մխիթարյանն ու Կարեն Մուրադյանը, գործարարներ Վալենտինա Հակոբյանը, Արմեն Պողոսյանը, Աննա Կարոլինան, Աննա-Կարա Կարապետյանը, Արմեն Մկրտչյանը, Լիլի Պողոսյանը, Խաժակ Մարգարյանը, Կորյուն Թորոսը, Վիկտորյա Դույմելյանը, Ավետիք Էլոյանը, հայրենադարձ Արմինե Մանուկյանը և այլք: Գրքի խմբագիրը բանաստեղծուհի, լրագրող Կարինե Ավագյանն է: Գիրքն իր տեսակի մեջ եզակի է և նախադեպը չունեցող:
 
Գրքի հեղինակ Սարիկ Սևադան վստահեցնում է, որ այն շարունակական է լինելու: Շնորհանդեսի իր ամփոփիչ խոսքում Սարիկն իր շնորհակալությունը հայտնեց Բելգիայի հայ համայնքին ջերմ ընդունելության համար, Արթուր և Արփինե Նիկողոսյաններին շնորհանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Իսկ Արթուր Նիկողոսյանն էլ իր հերթին շուրջ 30 տարվա իր իսկ հիմնադրած «Հայք» պարախմբի և հայ համայնքի կողմից Սարիկ Սևադային հանձնեց շնորհակալագիր` Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման մեջ ունեցած ավանդի համար: