Այսօր Պրահայում ավարտվեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակության տարծաշրջանային ֆորումը՝ մասնակցությամբ եվրոպական 10 երկրների 40 ից ավելի երիտասարդների եւ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների։
Առավոտյան մասնակիցներն ստացան վկայագրեր, ապա Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ խաղաղական ժամերգություն ՝ մասնակցոթյամբ Հայ առաքելական եկեղեցու չորս եպիսկոպոսի, երկու վարդապետի եւ երեք քահանայի, ինչպես նաեւ սարկավագների եւ հինգ դպիրների։
Սուրբ Հոգի եկեղեցում հնչեց մեր եկեղեցու ամենագեղեցիկ ժամերգություններից մեկը, իսկ մեր հոգեւորականների երգեցողությունը արական բարձրակարգ երգչախմբի տպավորություն թողեց։ Զգացողությունն աննկարագրելի էր։
Այնուհետեւ ներկաներին իր ոգեշնչող խոսքով դիմեց Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ, ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը՝ խոսելով հավատքի կարեւորության մասին, աղոթք բարձրացրեց առ Աստված աշխարհի խաղաղության, մեր երկրի անսասանության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարատեւության համար։
Սրբազան Հայրը խորին շնորհակալություն հայտնեց բոլոր ներկա հոգեւորականներին՝ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանին , Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանին, Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբէ եպիսկոպոս Իսախանյանին, ինչպես նաեւ Եվրոպայի տարբեր թեմերի հոգեւոր հովիվներ Տեր Վաղարշ քահանա Իսախանյանին, Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյանին, Գնել քահանա Գաբրիելյանին, ինչպես նաեւ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն՝ Հոգեշնորհ Տեր Թովմա վրդ․ Խաչատրյանին։
Սրբազան Հայրը ողջունեց եւ շնորհակալություն հայտնեց ժամերգությանը ներկա Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանին։ Իսկ Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին, ով Պրահայում ջանացել էր կազմակերպել ֆորումի ընդունելությունը, շնորհակալական խոսքերից զատ հանձնվեց նաեւ շնորհակալագիր եւ պատկերարգիրք։
ՀԵՀԵՄ ֆորումի հաջորդ հանդիպումը կլինի այս տարի հուլիսին՝ Հայաստան կատարելիք ուխտագնացության շրջանակներում։
ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
orer.eu