Չեխահայ հայտնի գործարար Գեւորգ Ավետիսյանի Մառլենկա ընկերության արտադրանքն անցած ամիս ցուցադրվել է նաեւ Պեկինից ոչ հեռու՝ Լանգ Ֆանգում անցկացված միջազգային տնտեսական կոնֆերանսում եւ ցուցահանդեսում։ Այս հեղինակավոր տնտեսական ֆորումին, որը տեղի է ունեցել մայիսի 16-21-ը, մասնակցել է նաեւ Չեխիայի առեւտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը, որի կազմում են եղել նաեւ Չեխիայի տարբեր երկրամասերը ներկայացնող գործարարներ, այդ թվում՝ Գեւորգ Ավետիսյանը։ Սակայն Չեխիայի պատվիրակության եւ հայ գործարարի զարմանքը մեծ է եղել, երբ չեխական Ֆրիդեկ Միստեկ քաղաքում գործող ընկերության արտադրանքի մեծ գովազդային բաժին են հայտնաբերել հարեւան Սլովակիայի տաղավարում։ Տաղավարի կազմակերպիչները այն ներկայացրել են իբրեւ սլովակյան արտադրանք, բայց իմանալով հայ գործարարի ներկայության մասին, չինական հեռուստատեսությունը հարցազրույց է վարել ,,Մառլենկայի,, սեփականատեր Գ.Ավետիսյանի հետ եւ ցուցադրել տեղական հեռուստատեսությամբ, որ դիտում է ավելի քան 70 միլիոն մարդ։