Չեխիայի ողջ քաղաքական վերնախավը՝ նախագահ Զեմանը, վարչապետ Ֆիալան, բոլոր խորհրդարանական ուժերը, այդ թվում ընդդիմադիրները խստորեն դատապարտեցին Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Չեխիայի խորհրդարանի հատուկ նիստում ելույթ ունեցավ Ուկրաինայի դեսպանը եւ Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կոչ արեց, ասելով , որ Ուկրաինան պայքարում է նաեւ Եվրոպայի համար։
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել է «հանցագործություն խաղաղության դեմ»։ Հինգշաբթի առավոտյան չեխ ժողովրդին ուղղված ուղերձում պետության ղեկավարն ասել է, որ խելագարներին պետք է մեկուսացնել, և որ ժամանակն է Ռուսաստանի դեմ կիրառել ավելի կոշտ պատժամիջոցներ, քան նախապես համաձայնեցված էր, ներառյալ երկիրը SWIFT միջազգային բանկային մեխանիզմից դուրս բերելը:
Պարոն Զեմանը ասաց, որ ինքը սխալվել է՝ վերջերս ասելով, որ կարծում է, որ Ռուսաստանը չի հարձակվի Ուկրաինայի վրա՝ Կրեմլի քայլն անվանելով «իռացիոնալ»: Նա ասաց, որ աջակցում է Ուկրաինային և նրա ժողովրդին:
Չեխիան պատրաստ է նավթի և բնական գազի մատակարարումների կրճատմանը, հինգշաբթի ասել է վարչապետ Պետր Ֆիալան՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո։ Ելույթ ունենալով Պետական անվտանգության խորհրդի նիստից հետո՝ պարոն Ֆիալան ասաց, որ երկիրն ունի բավարար պաշարներ, և որ կան ԵՄ մակարդակով գործարքներ այլ պետությունների հետ՝ Ռուսաստանից ցանկացած պակասը լրացնելու համար:
Նա նաեւ նշեց, որ Չեխիան հետ է կանչում Կառլովի Վարիում և Բռնոյում ռուսական հյուպատոսությունների գործունեության թույլտվությունը և դադարեցնում է սեփական հյուպատոսությունների գործունեությունը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ և Եկատերինբուրգ քաղաքներում։
Չեխիան կասեցնում է վիզայի դիմումների ընդունումը Ռուսաստանի քաղաքացիներից, բացառությամբ հումանիտար դեպքերի։
Ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանն ասել է, որ երկիրը մշակել է Ուկրաինայից հազարավոր փախստականների ընդունելու ծրագիր։ Իսկ արտգործնախարարը հայտարարեց, որ արդեն իսկ ցանկացած ուկրաինացի, որը օգնության կաիրք ունի, կարող է առանց վիզայի մտնել Չեխիայի տարածք եւ ստանալ առաջին օգնությունը։ Չեխիան նաեւ հատուկ գնացքներ է նախապատրաստել, որպեսզի ուղարկի Ուկրաինայի սահման եւ տեղափոխի փախստականներին։
Պրահայում եւ Չեխիայի այլ քաղաքներում շարունակվում են ուկրաինացիներին աջակցելու ձեռնարկները, ցույցերը։ Ուկրաինայի դրոշներն են բարձրացրել մի շարք պետական հաստատություններ։ Մի քանի օրվա մեջ արդեն 10 միլիոն կրոն է հավաքվել Ուկրաինային օգնելու համար։
Իր հերթին, Չեխիայի Եվրոպայի հարցերով նախարար Միկուլաշ Բեկը հայտարարել է, որ Եվրոպական մայրցամաքի կախվածության նվազեցումը ռուսական նավթից և գազից երկրի կողմից որպես առաջնահերթություն կդիտարկվի ԵՄ-ում իր նախագահության ընթացքում 2022 թվականի երկրորդ կեսին:
Ռուսաստանի քաղաքացիների համար, ովքեր մտադիր են Չեխիայում մնալ այլ պատճառներով, բացի մարդասիրական նկատառումներից, չեղարկվել են վիզայի դիմումի գործընթացը։ Կառավարությունը հաստատել է նաև Ուկրաինային մարդասիրական օգնության համար 300 միլիոն չեխական կրոն, որից 50 միլիոնը պետք է անմիջապես ուղարկվի։
ՕՐԵՐ