«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնությունը ս․ թ․ փետրվարի 21-ից գործում է որպես զարգացման հիմնադրամ։
Անցած տարի ապրիլին մեկնարկած նախաձեռնությանն արդեն միացել է 109, 000 համանախաձեռնող աշխարհի 108 երկրից:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հիմնադրամի նոր գործադիր տնօրենը Արտակ Ապիտոնյանն է։ 2018-2021 թթ․ որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նա համակարգել է Հայաստանի բազմակողմ դիվանագիտության ոլորտը, իսկ 2013-2018 թթ․ եղել է Հայաստանի Հանրապետության դեսպանը Շվեդիայում և Ֆինլանդիայում: Շուրջ երեք տասնամյակ իր դիվանագիտական կարիերայի ընթացքում նա նաև զբաղեցրել է այլ պատասխանատու պաշտոններ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, ՀՀ նախագահի աշխատակազմում, Ժնևում, Բեյրութում, Նյու Յորքում և Կահիրեում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում:
Այժմ, որպես «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, նրա ջանքերն ուղղված են լինելու հիմնադրամի շուրջ ընդգրկուն գործընկերության ձևավորմանը, հանրային ներգրավվածության ընդլայնմանը և նպատակների առաջխաղացմանը։
2022-ին հիմնադրամը թևակոխում է զարգացման հաջորդ փուլ, որտեղ արդեն իսկ մշակված 15 նպատակների և հանրային աջակցության շնորհիվ, կձևավորվի նոր գործընկերների լայն շրջանակ, ինչպես նաև կիրականացվեն առանցքային ոլորտներին ուղղված ծրագրեր։
Առաջիկայում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հիմնադրամի կարևորագույն նախաձեռնություններից մեկն է լինելու Հանրային հարթակի ձևավորումը, որը բաց է լինելու Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայրենակիցների համար։
Հայաստանի և Սփյուռքի հայմայնքներից տարբեր ոլորտներ ու մասնագիտություններ ներկայացնող անձինք կառուցողական քննարկումների միջոցով կմասնակցեն 15 նպատակների վրա հիմնված հայեցակարգային մոտեցումների մշակմանը, առաջնահերթությունների ձևավորմանն ու ծրագրերի ընտրությանը։
Հիշեցնենք, որ 2021-ին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ձևավորեց լայն հանրային դիսկուրս 15 նպատակների շուրջ։ Նեգրավվեցին հարյուրավոր փորձագետներ, անցկացվեցին մի քանի տասնյակ վիրտուալ և ոչ վիրտուալ հանդիպումներ Հայաստանում, Սփյուռքում և աշխարհի տարբեր քաղաքներում, որոնց մասնակցեցին հազարավոր մարդիկ։
«McKinsey & Company» համաշխարհային խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ իրականացվեց «ՀԱՅԱՍՏԱՆ 2021-2041. Մակրոտնտեսական ախտորոշում» լայնածավալ ուսումնասիրությունը՝ մանրամասն վերլուծելով Հայաստանի տնտեսության հինգ գերակա ոլորտ (գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ, առողջապահություն, կրթություն և զբոսաշրջություն):