Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  փետրվարի 22-ի երեկոյան Փարիզի  Christine Cinéma Club կինոթատրոնում «Կարտիե» հիմնադրամում  տեղի ունեցավ համաշխարհային կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանի  «Բնություն» ֆիլմի ցուցադրությունը՝ հայ մեծանուն կինոռեժիսորի ներկայությամբ։ Ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթ ունեցավ  «Կարտիե» հիմնադրամի նախագահ Հերվ Շանդեսը, որը ոչ միայն շնորհավորեց Փելեշյան կինոռեժիսորին տարեդարձի առիթով, այլեւ ներկայացրեց նրա ներդրումը համաշխարհային կինոյում։

Ապա ֆիլմի ցուցարդումից հետո ներկաներին ողջունեց հայտնի կինոարտադրող Անդրեյ Ուժիկան, որն արդեն «Բնություն» ֆիլմը ներկայացրել էր անցյալ տարի Հոլանդիայում կայացած ցուցադրման ժամանակ, երբ Ամստերդամի Վավերագրական ֆիլմերի միջազգային  փառատոնում Փելեշյանին պարգեւատրեցին  «Ողջ կյանքի նվաճումների համար» մրցանակով։ 

 Վերջում Արտավազդ Փելեշյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու ներկա հանդիսատեսին։

Տոնական երեկոյին ներկա էր նաեւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ում հրավերով պատվավոր հյուրերն այսօր հյուրընկալվեցին նաեւ Փարիզում Հայաստանի դեսպանությունում։ 

Նշենք նաեւ, որ թե՛ Ամստերդամի, եւ թե՛ Փարիզի այս ձեռնարկները նկարահանել է կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը, Արտավազդ Փելեշյանին նվիրված «Բացակա պատկերներ» ֆիլմի երկրորդ մասի համար։ 

Տեղեկացնենք նաեւ, որ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների  Միչիգանի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնը Առցանց դասախոսություն է կազմակերպել, որը կվարի գերմանական Ֆրանկֆուրտի Գյոթե համալսարանի Ֆիլմարտադրության ամբիոնի պրոֆեսոր Դանիել Ֆայրֆաքսը։ Դասախոսության թեման է՝ «Դիստանցիոն մոնտաժը  Արտավազդ Փելեշյանի ֆիլմերում»։

 orer.eu

 Լուսանկարները՝ կազմակերպիչների , Հրանտ Վարդանյանի  եւ Սելին Գուլեկյանի