Այսօր՝ փետրվարի 18-ին, կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օրակարգում ընդգրկված էին առաջին ընթերցմամբ ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և ԱԺ խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարությունը: Քվեարկության է դրվել «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքներն ընդունելու մասին հարցը և ընդունվել 30 կողմ ձայնով։
Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարությունը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Այն ևս ընդունվել է 30 կողմ ձայնով։
«Այս օրենքը ոչ միայն պետության քաղաքական դիրքորոշման իրավական ձևակերպումն է, այլ նաև կարգավորում է Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում իրավահարաբերությունները, հստակեցնում է Ադրբեջանի պատասխանատվության շրջանակները:
Այդ օրենքը առնչվում է և՛ տնտեսական հարաբերություններին ու ընթացակարգերին, և՛ ընդերքի ու այլ բնական ռեսուրսների օգտագործմանը, և՛ մարդու իրավունքների պաշտպանությանը:
Բացի դրանից, կարևոր է հաշվի առնել, որ օտարերկրացիները պետք է մուտքի թույլտվություն ստանան ԱՀ կողմից՝ բռնազավթված տարածքներ այցելելու համար, իսկ մարդասիրական առաքելություն իրականացնող անձինք՝ առնվազն տեղեկացնեն ԱՀ իշխանություններին:
Մենք քաջ գիտակցում ենք, որ սահմանափակ իրավական մեխանիզմներ ունենք օրենքում նշված գործառույթները կատարելու և նպատակներին հասնելու համար, սակայն պարտավոր ենք եղած իրավական ու քաղաքական մեխանիզմներն առավելագույնս օգտագործել այդ ուղղությամբ: Արցախի Հանրապետության տարածքները պետք է ապաբռնազավթվեն և մեր քաղաքացիները պետք է վերադառնան իրենց հայրենի օջախներ»,- նշել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը: