Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Շվեյցարաբնակ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտագետ Դավիթ Հալաջյանը պատասխանում է ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին

 

Կոմպոզիտոր, խմբավար, երաժշտագետ Դավիթ Հալաջյանը  ծնվել է 1962 թվականի փետրվարի 7-ին, Երևանում։ Ավարտել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը։ 1989-ին ավարտել է Կոմիտասի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը, ապա ընդունվել է  ասպիրանտուրան։ Ուսանելու տարիներին աշխատել է նաև հայկական ռադիոյում իբրև երաժշտական խմբագիր։ Իր հիմնած «8.30» հաղորդաշարը նոր որակ է բերել ռադիոեթերում։ Այդ տարիներին նա իր ուսումը շարունակել է էլեկտրոակուստիկ երաժշտության բնագավառում։ 1991-ից ուսանել է Բազելի կոնսերվատորիայում, ապա՝ Ցյուրիխում։ Այստեղ էլ ամուսնացել է շվեյցարուհու հետ, երեք տղա ունի՝ 24 ամյա Հայկը, 17-ամյա Տիգրանը, 12 ամյա Արամը։  Նա նաև ղեկավարում է երկու երգչախումբ՝ Ցյուրիխում և Բադանում։ Դավիթ Հալաջյանը դասավանդում է Ցյուրիխում և միաժամանակ ստեղծագործում է։ «Այս պահին հիմնականում մեծ գործեր եմ գրում՝ ֆիլմի երաժշտություն, նաև գրել եմ «Ստաբատ մատեր» մեկ ժամանոց ստեղծագործությունը»,- ասում է կոմպոզիտորը։  Նրա գործերը կատարվում են ոչ միայն Շվեյցարիայում, այլ Եվրոպայի տարբեր քաղաքներում։

Դավիթ Հալաջյանի ստեղծագործությունները բազմիցս կատարվել են նաև Հայաստանում, այդ թվում՝ «Մեսսա դե Լյումինե» կաթոլիկ պատարագը (1997 թ.)։  

 

 -Պարոն Հալաջյան, ինչպե՞ս ընտրեցիք Շվեյցարիան։

-Ես մեկ տարով եկա ուսմանառության, սակայն մնացի, քանի որ այն օրը, երբ ես Մոսկվայից մեկնեցի Շվեյցարիա, այնտեղ հեղաշրջում տեղի ունեցավ՝ «Պուչը»։ Մի քանի ժամ առաջ էի դուրս եկել «Ռոսիա» հյուրանոցից, եւ ես արդեն ինքնաթիռում էի, երբ դա կատարվեց։ Եվ այդ փոփոխությունները դրսից ավելի սարսափելի էին թվում, քանի որ այդ ընթացքի մեջ չէինք գտնվում։ Այդպես ես երկարացրեցի իմ այստեղ մնալը եւս մեկ տարով, ու որոշեցի արդեն դիպլոմային աշխատանք գրել, ու այդ ընթացքում նաեւ ամուսնացա շվեյցարուհու հետ։ Ծնվեցին մեր երեխաները եւ այդպես մնացինք։

Ապրում ենք Բրուք փոքր քաղաքում, որը գտնվում է Ցյուրիխի եւ Բազելի մեջտեղում։ Դաշնամուր եմ դասավանդում Ցյուրիխի կոնսերվատորիայում եւ ստեղծագործում եմ։

 

-Հետեւելով ձեր կենսագրությանը, միայն կարելի է նախանձել, թե ինչպիսի դասախոսներ եք ունեցել Երևանում՝ Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործական դասարանում էիք, Ավետ Տերտերյանի մոտ գործիքավորում եք ուսանել, Հակոբ Ոսկանյանի մոտ՝ դիրիժորություն։ Ի՞նչ դասեր եք ստացել նրանցից, որ այսօր էլ ձեզ օգտակար են կամ տպավորվել եք դրանցից։

-Դժվար հարց է։ Դժվար է ասել, թե ինչն է տպավորվել։ Ես կարծում էի, որ մենք իրականում դասավանդում ենք այնպես, ինչպես մեզ են դասավանդել։ Իհարկե, մերը, եթե այդքան տաղանդ ունենք, ավելացնում ենք կամ փոխում ենք ինչ որ բաներ, բայց հիմնականում կմախքը մնում է նույնը, եթե գիտակցաբար չես անջատվում ու հեռանում դրանից։ Հակված եմ մտածել, որ ես էլ օգտագործում եմ նույնը՝ ավելի մարդկային հարաբերությունների վրա հիմնված դասավանդումը։ Էդգար Հովհաննիսյանի մոտ այդպես էր։ Ամենօրյա կյանքում էլ հաճախ էինք հանդիպում, եւ դա շատ ավելի մեծ նշանակություն ուներ, քան մեր դասաժամերը։ Ավետ Տերտերյանի հետ էլ հարաբերությունները հետաքրքիր էին։ Ես Դիլիջանի կոմպոզիտորների միության տանը շատ ժամանակ էի անցկացնում։ Կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանին խնդրել էի, որ բացի ամռան ամիսներից, երբ հանգստանում էին հիմնականում բոլոր կոմպոզիտորները, ինձ ողջ տարին Դիլիջանում բնակվելու հնարավորություն տար, որպեսզի ստեղծագործեմ։ Ու այնտեղ շատ հաճախ էի շփվում Տերտերյանի հետ, քանի որ ինքն էլ հարեւան տնակում էր ապրում։ Շատ հաճախ միասին երկար օրեր էինք անցկացնում, իսկ դասերի ժամանակ այդքան ինտեսիվ չէին հարաբերությունները, քանի որ ուսանող-դասախոս անջրպետը կար։ Ինքը դասախոս էր ոչ թե իբրեւ կոմպոզիտոր, այլեւ ուրույն տեսակ էր, իր առանձին լինելը մեր կոմպոզիտորական դաշտում հատուկ էր։

 

-Իր ստեղծագործությունը Ձեզ վրա ազդեցություն ունեցե՞լ է։

-Կարծում եմ՝ այո։ Տառացի դժվար է գտնել ազդեցություն, բայց երբ հետադարձ հայացքով նայում եմ իմ ստեղծագործություններին կամ անալիզի եմ ենթարկում, տեսնում եմ որոշ նման նոտաներ։ Ձայնը լսելու պահանջը, մի հնչյունը կարևորելու ունակությունը՝ հենց դա է Տերտերյանի ազդեցությունը, ոչ թե իր ոճական ուղղվածությունը, այլ ավելի շատ հնչյունի նկատամաբ իր հարգանքը։ Երբ հետ եմ նայում, այդ ճանապարհը տանում է դեպի Ավետ Տերտերյան, քանի որ մինչ այդ, ես այդպես չեմ վերաբերվել միայնակ հնչյուններին։ Սա ամենամեծ ազդեցությունն էր։

Հակոբ Ոսկանյանի մոտ էլ թեեւ դիրիժորություն եմ ուսանել, բայց այլեւս երբեք սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորությամբ չզբաղվեցի, բայց այստեղ եկեղեցու երգչախումբ եմ ղեկավարում, անսամբլներով ու փոքր նվագախմբերով համերգներ եմ կազմակերպում։

 

-Առաջին ստեղծագործությունները ե՞րբ եք սկսել գրել։

-Դպրոցական տարիքում փորձել եմ ստեղծագործել։ Ցույց եմ տվել իմ դասատուին, առանձնապես չեմ արժանացել ուշադրության, բայց երբ ընդունվեցի Ռոմանոս Մելիքյանի ուսումնարան, շատ ցանակացա կոմպոզիցիայով զբաղվել։ Գնացի Արամ Սաթյանի մոտ, որը կոմպոզիցիա էր դասավանդում։ Ինքը շատ լավ դասատու էր եւ այդ շրջանում մեծ ազդեցություն ունեցավ։ Նա դասական երաժշտություն էր դասավանդում ինքնազոհողությամբ։ Նա ժամացույցին չէր նայում, իր տանն էր դասերը անցկացնում կամ Սայաթ-Նովայի դպրոցում, եւ հաճախ մինչեւ երեկոյան 10-11-ը դասի էինք լինում։ Եվ դրա համար շատ-շատ շնորհակալ եմ իրեն։

 

-Կարծում եք հայաստանյան ուսումնառությունը լավ հիմքերի վրա էր, որպեսզի ավելի հեշտ շարունակեք ձեր կատարելագործումը Բազելում։

-Այո, միանշանակ, հատկապես եթե սահմանափակվեմ կոմպոզիտորական դպրոցով՝ մեր դասախոսները ամենահայտնի, ամենահարգված եւ ամենալավ կոմպոզիտորներն էին, որ դասավանդում էին կոնսերվատորիայում։ Ոսկե դար էր՝ մանավանդ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների համար։ Հիմա երգի ասպարեզում մենք ավելի շատ միջազգային հաջողակ երգիչներ ունենք կամ ջութակահարներ եւ այլն։ Բայց այն ժամանակ ամենաուժեղը կոմպոզիտորական դպրոցն էր։ Մի խումբ կոմպոզիտորներ էին, որ թե մեծ անուն ունեին Հայաստանում ու արտերկրում, եւ ոչ միայն իրենց մասնագիտական մակարդակն էր բարձր ու կարեւոր, այլեւ՝ մարդկային։ Նրանց ունեցած հոգեկան էներգիան անսպառ էր, եւ նրանք դա սփռում էին իրենց շուրջ։ Միրզոյանը, երբ մտնում էր կոնսերվատորիա, զգում էիր, թե ինչ մեծ էներգիա է մտնում։

 

-Իհարկե, հիմա տարբերությունը մեծ է։ Ձեր նման տաղանդավոր մարդիկ դրսում հայտնվեցին, եւ շատ բնագավառներում Հայաստանը տուժեց։ Սերնդափոխություն տեղի չունեցավ։

-Գիտեք, ես երկար մտածել եմ այդ թեմայով։ Սերնդափոխության հարցով, իհարկե, մենք կորցրել ենք այդ մարդկանց գնահատելու պահանջը կամ ցանկությունն ընդհանրապես։ Ամեն ինչ հավասարացրել են։ Այն ժամանակ այսպես կոչված օլիգարխները գիտեին, թե իրենց տեղը որտեղ է Հայաստանի պատմության մեջ եւ որտեղ է գտնվում Էդվարդ Միրզոյանը։ Հաստատ գիտեին այդ տեղաբաշխումը պարզ էր, քանի որ վերեւից կար այդ հարգանքի միտումը։  Երկրի ղեկավարները հասկանում էին, թե ով է Էդվարդ Միրզոյանը կամ Էդգար Հովհաննիսյանը։ Կարեւորելը շատ մեծ դեր ուներ ուներ։ Նրանց տեղ էին տալիս, թույլ էին տալիս, որ դասագրքեր գրեն, նրանց կարծիքն էին հաշվի առնում։ Իհարկե, կարող ենք քննադատել, որ իրենք ուզում էին սովետական մտածողությամբ ազդեցություն ունենալ  մտավորականության վրա։ Դա ավելի քաղաքական միտում էր, բայց դա օգտակար էր մեր ազգի համար։ Մեր մշակույթը դրա շնորհիվ ծաղկեց։ Մենք ունենք այժմ միգուցե միջազգային հաջողության հասած կոմպոզիտորներ, բայց նրանց անունները ոչ ոք չգիտի։ Սա է։ Եթե մենք նրանց մեծարենք, մենք կունենանք օրինակներ, որոնց կարող է հետեւել երիտասարդ սերունդը։ Մենք պետք հանրայնացնենք այդ հանճարներին։ Ես չեմ կարող ասել, որ հիմա տաղանդավոր երաժիշտներն ավելի քիչ են։ Ո՜չ, նույնիսկ ավելին են, քանակությամբ ավելին, բայց դրանց պետք է մեծարել, որ դպրոց դառնա։ Եթե մենք Էդգար Հովհաննիսյանին չմեծարեինք, ժողովուրդը չմեծարեր, նա դպրոց չէր դառնա։ Դեպի իրեն չէին ձգտի ուսանողները, նվագախմբերը կամ երգչախմբերը։ Այլապես նա իր բնակարանում նստած կմնար։  Եթե մշակույթի նախարարությունը վերացվում է, դա ցույց է տալիս, թե որքանով է մշակույթը կարեւոր է, որքանով՝ ոչ։

 

-Այսինքն մեր մշակութային գործիչներին ինչ-որ ձեւով պետք է գնահատենք։

-Ես երբ նոր էի եկել Շվեյցարիա, լուրերով անընդհատ լսում էի թե միջազգային բորսաներում ինչ է տեղի ունեցել, թե որ դրամն ինչ արժե։ Ես զարմանում  էի, թե ինչու էին այդ մասին այդքան հաղորդում։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ դա նշան է, խորհրդանիշ է։ Այսինքն, եթե դու ամեն օր նորությունների վերջում դա ես լսում, նշանակում է փողը ամենակարեւորն է։ Նույնն բանն էլ մեզանում՝ եթե լուրերի վերջում ասեն, թե որ ստեղծագործողը ինչ նոր երաժշտություն է գրել կամ կատարել, համոզված եմ, որ մի տարի հետո բոլորը շատ կարեւոր կհամարեն երաժշտությամբ կամ արվեստով զբաղվելը։ Եթե փողի մասին եմ ամեն օր լսում, փողն է դառնում արդիական, երաժշտության մասին են լսում՝ երաժշտությունը։ Ես ուզում հասարակության մաս մնալ, բայց արժեքները ճիշտ վերաբաշխվեն։ Մեզ մոտ արվեց այնպես, ինչպես աշխարհի շատ երկրներում։ Բայց ռուսներն այդպես չեն։ Իրենք իրենց անցյալը շատ լավ պահպանում են, ֆիլմերը վերանորոգում են եւ նորից ցուցադրում են, լուսաբանում են։

 

-Հայկական ռադիոյում Ձեր հիմնած «8.30» հաղորդաշարը ինչպե՞ս ազդեց նոր սերնդի ճաշակի ձեւավորման վրա։ Ո՞րն էր այդ ռադիոհաղորդման նորարարությունը։

-Նորարարությունն այն էր, որ ինձ թույլատրեցին առանց գրաքննության հաղորդումները եթեր հեռարձակել։ Ինձ չէին թույլատրում, որ առանց տեքստի հաղորդում ձայնագրեմ կամ եթեր մտնեմ։ Բայց անվտանգության մարմինների ներկայացուցչին ասացի, որ եթե ցանկություն լիներ մի բան անել՝ կարող էի ուղիղ եթեր մտնել։ Համոզեցի, եւ ինձ թույլատրեց, որ որպես առաջին փորձ առանց տեքստը ներկայացնելու՝ հաղորդումը վարեմ։ Այդ հաղորդումը եթեր գնաց 1989-91թթ-ին։ Բայց երբ ես եկա այստեղ, այլեւս շարունակող չեղավ։

 

-Հեշտ համակերպվեցի՞ք շվեյցարական հասարակությանը։ Երաժշտական միջավայրը ինչպե՞ս ընդունեց ձեզ։

-Երկու շերտ կա։ Արտաքին շերտը շատ հիացուցիչ է, մարդիկ շատ շնորհքով են, բարեհամբյուր, օգտակար են լինում, բնությունը՝ մաքուր։ Ներքին շերտը՝ մարդիկ սառը, իրենց մեջ պարփակված, մինչեւ վերջ չբացվող, դա էլ խորքային շերտն է։ Դա ստիպում է նաեւ, որ օտարները միշտ մնում են իրենց շրջապատում, բոլորը ձգտում են դեպի իրենց ազգը,  նրա  ներկայացուցիչների հետ շփվել, քան տեղացիների, բայց ես ավելի շատ տեղացի բարեկամներ ունեմ, քան՝ հայ։ Մեր քաղաքում ընդհանրապես հայ չկա, բացի այդ, այդքան ժամանակ էլ չունեմ։ Առաջին տարիներին փորձեցի հայկական համայնքի մեջ մտնել, Սարգիս Շահինյանին ծանոթացա, թերթ էինք տպագրում, բայց ես շուտ հասկացա, որ առաքելությունը ոչ թե համայնքային կյանքն է, այլ ստեղծագործելը, քանի որ ստեղծագործելը շատ էներգիա է խլում ինձանից։

 

՞նչ ծավալի ստեղծագործություններ եք գրում։

-Այս պահին հիմնականում մեծ գործեր եմ գրում։ Ֆիլմի երաժշտություն եմ գրում։ Վերջերս ավարտել եմ  «Ստաբատ մատեր» 60 րոպեանոց ստեղծագործություն, որը պետք է այստեղ կատարվեր 2020-ի նոյեմբերին, բայց երկու տարով հետաձգվեց։  Իմ ստեղծագործությունները կատարվում են ոչ միայն Շվեյցարիայում, այլ Եվրոպայի տարբեր քաղաքներում։

 

-Դասական երաժշտությունն այնպիսի ոլորտ է, որ ծավալուն ստեղծագործությունները ստեղծվում են, երբ կոմպոզիտորն ունենում է հատուկ պատվեր։ Լինում են դեպքեր, երբ պատվերից զատ պահանջ եք ունենում ինքնուրույն ստեղծագործել։

-Կարծեմ ես արդեն այն շերտի մեջ եմ, որ ինձ համար ստեղծագործելը ոչ թե աշխատանք է, այլ կյանքի մի մասն է, ապրելու ձեւ է, սնվելու պես մի բան։ Ես չեմ մտածում պետք է, թե՝ ոչ։ Եթե կա պահանջ, կա աշխատանք՝ ամենօրյա աշխատանք։ Փառք Աստծո, եթե պատվերներ լինում են, շատ լավ է լինում։ Բայց եթե չունենամ պատվեր, մինչեւ իմ կյանքի վերջ դեռ ունեմ անելիք, գիտեմ դեռ ինչ պետք է անեմ։

 

-Դուք ձեր գիտակացական կյանքի մի մասը անցկացրել եք Հայաստանում, իսկ նշանակալի մասը՝ Շվեյցարիայում։ Եթե գնահատելու լինեք, ավելի շատ ո՞ր մասում եք ստեղծել։

-Կարելի է բաժանում դնել, բայց ես ինքս կխուսափեմ գնահատական տալուց, որովհետեւ երկու շրջանում էլ հոգեհարազատ գործեր եմ ստեղծել։ Չեմ կարող այդպիսի գնահատական տալ,  թե որ ժամանակ եմ լավագույն գործերը ստեղծել։ Բայց հոգեկան աշխարհի ինքնակազմավորման հարցում միանշանակ կարող եմ ասել, որ իմ առաջին 29 տարիներն ավելի կարեւոր են, քան՝ երկրորդը։

 

-Արժանացել եք նաեւ Հայաստանի պետական պարգեւների, ինչ որ հատուկ նախագիծ ե՞ք իրականացրել Հայաստանում։

-Ոչ։ Ուղղակի իմ ստեղծագործությունները շատ են կատարվել Հայաստանում։ Վերջին երկու տարում է լռություն հաստատվել Քովիդի պատճառով, բայց մինչ այդ մեծ գործերս շատ-շատ են կատարվել, հատկապես «Մեսսա դե Լյումինե» կաթոլիկ պատարագը։ Այն 1.5 ժամ տեւողությամբ է եւ 1997 թվականին եմ գրել։ Առաջին անգամ կատարվել է Հայաստանում։ Այդ ստեղծագործությունը 50 անգամից ավելի կատարվել է ամբողջ աշխարհում։ Մեծ գործի համար դա շատ մեծ թիվ է։ Վերջին ստեղծագործությունն է, որ Քովիդից առաջ 2 անգամ Շվեյցարիայի ֆրանսիական մասում՝ Սիեռ եւ Բրիկ քաղաքներում կատարվեց անասելի հաջողությամբ։ Իմ ղեկավարած բողոքական եկեղեցու երգչախումբը Ցյուրիխ եւ Բադան քաղաքի ներկա եւ նախկին դասախոսների սիրողական երգչախումբը  հայկական թեմայով համերգներ են տվել՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին եւ  Հայաստանի 1-ին Հանրապետության 100-ամյակին։ Նվագել ենք Կոմիտաս, Մանսուրյան, Երկանյան եւ այլն։

 

-Ձեր հայրը վասատակավոր արտիստ էր, երեւի ծնողներից է գալիս երաժշտության նկատմամաբ սերը։

-Հայրս երաժիշտ չէր, այլ՝ դերասան, ռադիոյի հաղորդավար էր, եւ այն ժամանակ բոլոր պաշտոնական հաղորդագրություններն ինքն էր կարդում եւ բազմաթիվ սերունդներ է դաստիարակել։ Բայց քանի որ համաշախարհային պատերազմում կորցրել էր ձախ ոտքը, պրոտեզ ուներ, Հրաչյա Ներսիսյանն իրեն խորհուրդ էր տվել գնալ ռադիո։ Իր ձայնը հնչում է Փարաջանովի  «Սայաթ Նովա» եւ «Շիրակի մեղեդիները» ֆիլմերում։ Հետագայում բանասեր քույրս էլ գնաց ռադիո եւ խմբագիր աշխատեց։ Ավագ եղբայրս՝ Կարեն Հալաջյանը, որ տեխնիկական կրթություն ուներ, ռադիոյում չէր աշխատել, բայց ինքն էլ դարձավ «Վեմ» ռադիոյի տնօրենը։

 

-Շվեյցարահայության խնդիրները որո՞նք են, ի՞նչ առաջարկներ կարող էիք անել ապագա սերունդներին՝ հայ մշակույթը պահպանելու համար։

-Մեծ թվով երաժիշտներ կան այստեղ, նվագախումբ կա, եւ իմ ցանկությունն է կազմակերպել երաժշտական փառատոն կամ հայկական օրեր, բայց ամեն ինչ գումարի հետ է կապված։ Ինքս գումար հայթայթելով չեմ զբաղվում  եւ չեմ կարող կազմակերպել, եթե ես երաժիշտ լինեի, կհամաձայնվեի, հայկական օրերին մասնակցել առանց վճարման։ Ես երեւի դեռ ռոմանտիկ եմ, բայց երիտասարդներից շատերը օրինակ չեն համաձայնվում առանց վճարման ելույթ ունենալ։

 

-Կարելի է ասել, որ Շվեյցարիայում տարբեր մասերում ապրող հայերը կրում են նաեւ գերմանական իտալական եւ ֆրանսիական ազդեցությունը։

-Այո, միանշանակ նման բան կա։ Քանի որ լեզուն է նաեւ ձեւավորում մտածելակերպը։ Մենք տանը եւ հայերեն ենք խոսում եւ գերմաներեն, քանի որ կինս մինչ ամուսնանալը, արդեն հայերեն սովորել էր։

 

-Ձեր որդիներն ի՞նչ ուղղություն են ընտրել, կապ ունե՞ն երաժշտության հետ։

-Առայժմ՝ ոչ։ Ամենափոքրն է ցանկանում շեփորահար դառնալ, մեծը համակարգչային ասպարեզում է, միջնեկը չնայած դաշնամուր է նվագում, բայց երաժիշտ չի դառնա։ Հայերեն գրել-կարդալ գիտեն։ Ինքս տարիներ առաջ ջանացի հայկական դպրոց կազմակերպել Ցյուրիխում, բայց չստացվեց։ Ես եմ գրել- կարդալ սովորեցրել։ Հայաստան հաճախ են գնում։

                           

 Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ, 1-4, 2021 թվական

 

Այսօր լրանում է անվանի կոմպոզիտորի  ծննդյան 60-ամյակը։ Ջերմորեն շնորհավորում ենք Դավիթ Հալաջյանին եւ մաղթում առողջություն եւ ստեղծագործական նոր ձեռքբերումներ։ 

 

orer.eu