Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Հայաստանը հրաժարվի Հայ դատից և սառեցնի համահայկական օրակարգի թեմաները՝ ընդառաջելով թուրքական նախապայմաններին ու արդյոք Հայաստանը պատրաստ է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և Կարսի պայմանագրով հաստատված սահմանները:
«Ավելին, օրինակ 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ ու հավակնություններ չունի: Ըստ էության, այս հայտարարության հղում է արել նաև Սերժ Սարգսյանը: Այսինքն, Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականություն չի եղել, ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել: Դուք չեք գտնի Հայաստանի որևէ ղեկավար կամ կառավարություն, որը կասկածի տակ է դրել հայ-թուրքական սահմանը: Մենք այս քաղաքականությունից չենք հրաժարվելու»,- հայտարարեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի վերաբերյալ դիրքորոշումն արտահայտված է կառավարության ծրագրում: «Այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել է Սփյուռքն ու Սփյուռքի կազմակերպությունները»,- հավելեց նա:
Հայ-թուրքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող ասել՝ այս տարի Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվե՞ն, թե՞ ոչ, սակայն շատ տրամաբանական է համարում, որ կողմերը հասնեն այդ արդյունքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի առաջին «ռաունդի», այսինքն` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման արդյունքները:
Փաշինյանը նշեց՝ առաջին «ռաունդը», ըստ էության, բացման փուլ է, որտեղ ընդամենը տեղի է ունենում ծանոթություն, տեխնիկական հարցերի շուրջ քննարկում, իհարկե, նաև մթնոլորտ է ձևավորվում: «Եվ այն, որ ըստ էության կողմերն արձանագրեցին, որ համաձայնվել են առանց նախապայմանների քննարկման, դա արդեն շատ էականորեն լիցքաթափում է գործընթացի շուրջ լարվածությունը և բացասական մթնոլորտը: Դա խոսակցություն է, որ պետք է տեղի ունենա»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս տարի դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն՝ Փաշինյանն ասաց, որ ինքը չի կարող կանխատեսել դա այս տարի հնարավոր է, թե չէ, քանի որ դա, ցավոք, միայն Հայաստանից չէ կախված: «Բայց, ասեմ՝ շատ տրամաբանական կլինի, եթե օրինակ մենք հասնենք այդպիսի արդյունքի և մասնավորապես դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նկատել է՝ միջազգային վերլուծություններում կարմիր գծի նման անցնում է այն միտքը, որ, եթե այդ պրոցեսն առանց կոնկրետ արդյունքի շատ երկար ձգվի, կդառնա սովորական մի բան, որի նկատմամբ հետաքրքրությունը կկորցնեն և կողմերը, և միջազգային հանրությունը: «Ես կարծում եմ՝ հիմնական խնդիրները հետևյալն է՝ արդյոք և Հայաստանը և Թուրքիան անկեղծորեն շահագրգռվա՞ծ են առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու: Ես մեր կողմից կարող եմ ասել, որ միանշանակ այո: Եվ ես հույս ունեմ, որ այդպիսի հնարավորություն կա, և, եթե այդ հնարավորությունը կա, կօգտագործվի: Ես կարող եմ հաստատել մեր կառավարության անկեղծությունն այս հարցում: Ընդ որում, ես կարծում եմ, որ մեր կառավարությունն այս հարցում ամենևին էլ օրիգինալ չէ, որովհետև ՀՀ նախորդ բոլոր իշխանությունները այս դիրքորոշումն են ունեցել և անկեղծ այդ դիրքորոշումն են ունեցել»,-ասաց վարչապետը:
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:
Հայաստանի նման երկրները պետք է ունենան արտահանման միտված քաղաքականություն, միայն ներքին շուկային հենվելով Հայաստանը չի կարող տնտեսությունը զարգացնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք իրականացվում են հետազոտություններ, թե Թուրքիայի հետ առևտրաշրջանառության ակտիվացումը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի գյուղատնտեսական և գյուղացիական տնտեսությունների վրա, արդյոք թուրքական գյուղատնտեսական արտադրանքը ավելի մրցակցային չէ և հայաստանյան շուկայից դուրս չի մղի հայկական արտադրանքը։
«Գիտեք, շատ հետաքրքիր թեմա է, երբ Հայաստանի նման երկրներում քննարկում են ներսի շուկան տեղի արտադրողի համար պահպանելու և պաշտպանելու խնդիրը։ Ուրիշ բան, երբ Հայաստանը լիներ 500 միլիոն բնակչություն ունեցող երկիր, որտեղ շուկայի ներքին պահանջարկը կարող էր տնտեսության շատ մեծ լիցք տալ։ Հայաստանի նման երկրները արտահանմանը միտված քաղաքականություն պետք է ունենան, որովհետև եթե ուզում ենք մենք լուրջ տնտեսություն ունենալ, մենք ներքին շուկային հենվելով չենք կարող տնտեսությունը այդ աստիճանի լրջացնել։ Մեզ պետք ենք արտահանման շուկաներ։ Իսկ եթե պոտենցիալ արտահանման շուկաները փակ են, դրանից Հայաստանի Հանրապետությունը չի օգտվի»,- ասաց Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ երբ խոսվում է Հայաստան Թուրքիա սահմանների բացման մասին պետք է մտածել տրանզիտային ներուժի մասին և ինչ արդյունքներ դրանք կբերեն երկրի տնտեսությանը։
«Հնարավոր է, որ ինչ-որ մի սեգմենտում այսօր գոյություն ունեցող արտադրանքը իր մրցունակությունը կորցնի, բայց ինչ-որ սեգմենտներ են առաջանալու երկաթուղու և ճանապարհների բացման արդյունքում։ Մենք այսօր խոսում ենք, որ Հայաստանը խնդիր ունի պղնձաձուլարան կառուցելու։ Պղնձաձուլարան կառուցելու համար ինչպիսի՞ մեծ նշանակություն ունեն ճանապարհները, կոմունիկացիաները։ Մենք ուզում ենք Հայաստանում գործարաններ ստեղծենք՝ երկաթուղու և սահմանի բացումը ինչքանով կմեծացնի ներդրումային գրավչությունը։ Մենք երկաթուղային կապ ենք ստանալու Եվրոպայի հետ, իսկ որևէ մեկը հաշվե՞լ է, եթե այդ կապով հայկական արտադրանքը փորձենք արտահանել Եվրոպա, դա ինքնարժեքի վրա ինչ պոզիտիվ ազդեցություն կունենա։ Իհարկե, հաշվել ենք և ,միանշանակ է, դա կունենա պոզիտիվ ազդեցություն»,- եզրափակեց Փաշինյանը։