Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
2021 թ.  նոյեմբերի 28-ին Լեհաստանի Ազգային օպերային թատրոնում (Teatr Wielki Opera Narodowa) կայացավ համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու հիշատակին։ Համերգին, որին ներկա էր նրա այրին՝ Էլժբետա Պենդերեցկան, կատարվեցին հատվածներ կոմպոզիտորի սիմֆոնիաներից։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի դեսպանությունից։ 
 
Մինչ համերգի սկիզբը, Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և «Լեհ-հայկական հիմնադրամի» նախագահ Արսեն Հովսեփյանը թատրոնի տնօրեն Վալդեմար Դանբրովսկուն փոխանցեցին Քշիշտոֆ Պենդերեցկուն պատկերող յուղաներկ կտավը, որը հեղինակել էր Գևորգ Արշակյանը։
Իր խոսքում դեսպանն արժևորեց մեծ երաժշտի ժառանգությունը, որը վաղուց դարձել է համամարդկային արժեք։ Նա նշեց Ք․ Պենդերեցկու հայկական արմատները և իր նախնիների հայրենիքի՝ Հայաստանի հետ ջերմ կապերը։
 
2018թ. Լեհ-հայկական հիմնադրամը կազմակերպել էր նկարչական մրցույթ՝ «Լեհաստան. Ինքնություն և սեր» խորագրով։ Մրցույթին մասնակցեցին մի քանի տասնյակ շնորհալի նկարիչներ, որոնց թվում էր նաև Գևորգ Արշակյանը։ Գևորգ Արշակյանն իր մրցութային աշխատանքը նվիրել էր լեհ հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր, պրոֆեսոր Քշիշտոֆ Պենդերեցկուն։ 2018թ., երբ Գևորգը մրցույթի հաղթող մյուս մասնակիցների հետ՝ հիմնադրամի հրավերով, եղավ Լեհաստանում, հանգամանքների բերումով, չկարողացավ հանդիպել կոմպոզիտորին։
 
2020թ. Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Գևորգը՝ Գեղարվեստի պետական ակադեմիայի տասնյակից ավելի այլ սաների հետ հերոսաբար զոհվեց։
 
Նրա հեղինակած կտավի նվիրաբերմամբ իրականացվեց Գևորգ Արշակյանի ցանկությունը։
 
orer.eu