Սիրելի ընթերցողներ, եւս մի ծանր տարի անցավ պատմության գիրկը։ Հայ ժողովուրդը Հայաստանում եւ Արցախում անցավ փորձությունների միջով, եղան հիասթափության եւ կորուստների նոր ալիքներ, ավելի խորացան հասարակական ու քաղաքական հակասությունները, բայց նաեւ չկորավ հաղթելու ու ոտքի կանգնելու հույսը։
Անկախ թե ով ու ինչ ուժ է այսօր Հայաստանը ղեկավարում, միեւնույն է այն ուշ թե շուտ անցնելու է պատմության գիրկը, եւ հայ ժողովուրդը վերջապես զգալու է միասնական ԱԶԳ լինելու խորհուրդը, հաղթահարելու է ստի ու ատելության մթնոլորտը։
Հաղթանակները դեռ առջեւում են, իսկ դրանց մեջ անխտիր իր լուրջ դերը կունենա նաեւ սփյուռքահայությունը, եթե երկրի կառավարման լուրջ լծակները վստահվեն բանիմաց ու փորձառու, անշահախնդիր մարդկանց։ Միայն թե հայաստանցիները պետք է դուրս գան սթրեսային եւ հիպնոսացված վիճակից եւ տեր կանգնեն իրենց ազգային արժեքներին եւ երկրին։ Այլապես վաղը շատ ուշ կլինի։
Մաղթում ենք, որ Նոր Տարին յուրաքանչյուրիդ ընտանիքին բերի նոր նվաճումներ, ֆիզիկական եւ հոգեւոր ազատություն, առողջ ու երջանիկ օրեր, նորը ստեղծելու կամք եւ երկիրը շենացնելու ցանկություն։
Աստված լուսավորի նաեւ մեր երկրի պաշտպանության համար նահատակված բոլոր հերոսների հոգիները, նաեւ լույս իջնի մեզ համար թանկ ու հարազատ բազմաթիվ հանգուցյալների շիրիմներին, որոնք 2021ին հրաժշետ տվեցին երկրային կյանքին։
Հուսով ենք, որ 2022-ը նոր դռներ է բացելու բոլորիս համար։ ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը շարունակելու է իր առաքելությունը։ Մենք կներկայանանք բոլորովին նոր կայքէջով եւ հատկապես եվրոպահայությունը կկարողանա իր բոլոր ճյուղերով հանդիպել ՕՐԵՐ-ի էջերում։
Մաղթում ենք բոլորիս լավատեսություն եւ դժվարությունները հաղթահարելու կամք ու հաստատակամություն։
Շնորհավոր Ամանոր եւ գալիք Սուրբ Ծնունդ։
Հակոբ Ասատրյան
ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր
Պրահա