Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Երբ բուհը, բացի կրթելուց, նաև մարդասիրական առաքելություն է  իրականացնում

Երեւանի Մանկավարժական և Հունգարիայի Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանների միջև 2016 թվականին ստորագրվեց երկկողմանի համաձայնագիր։ 

Համագործակցության շրջանակներում ՀՊՄՀ-ի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի և Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի միջև իրականացվեցին կրթական, գիտական մի շարք ծրագրեր, կաթոլիկ համալսարանում բացվեց Հայագիտական ամբիոն, որի վարիչ նշանակվեց հայագետ, դոկտոր Բալինտ Կովաչը, ստեղծվեց գրադարան, իրականացվեց ուսանողների փոխանակում և այլն։ Ի դեպ, այս պահին Հայաստանից և Արցախից 27 հայ ուսանող ուսանում է հայագիտության ամբիոնում։

Համագործակցության հինգ տարիների ընթացքում, բացի հայագիտական բնագավառի հարցերից, քննարկվել են նաև հայանպաստ մի շարք հարցեր։ Դրա անհրաժեշտությունն առավել ընդգծվեց Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ ՀՊՄՀ-ի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի և Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի Հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչի հանդիպումների ընթացքում հաճախ են քննարկվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, գերիների վերադարձին առնչվող հարցեր։

2021 թվականի հունիսին մասնավոր այցով Հայաստանում էր Հունգարիայի փոխվարչապետ, Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի դասախոս և այդ բուհի շրջանավարտ Ժոլտ Շեմյենը, որը հյուրընկալվեց նաև Մանկավարժական համալսարանում։ Պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը բուհի Գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհեց «Մանկավարժական համալսարան» մեդալ։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ Հունգարիայում գործող Հալածված քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի շրջանակներում հայ ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ․ այսօր արդեն Հայաստանից, Արցախից և Սփյուռքից բազմաթիվ ուսանողներ օգտվում են այդ ծրագրից։  

Այցի ընթացքում հունագարական պատվիրակությանը՝ Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի գլխավորությամբ, ընդունեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Հանդիպման ընթացքում Վեհափառը, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, Էդգար Հովհաննիսյանը և Բալինտ Կովաչը Ադրբեջանում հայ գերիների վերադարձի հնարավորությունների վերաբերյալ քննարկում ունեցան՝ պարզելու  հունգարական պատվիրակության  հնարավոր աջակցության սահմանները։

Ու թեև Հունգարիայի հետ ՀՀ-ն հայտնի պատճառներով չունի դիվանագիտական հարաբերություններ, երկու բուհերի միջև արդյունավետ համագործակցությունն ունեցավ նաև հումանիտար նշանակություն։  Հանդիպում-քննարկումից հետո պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը հարցի վերաբերյալ դիմել է նաև նամակով, որում ընգծել է մարդասիրական տեսանկյունից այդ քայլի կարևորությունը՝ ակնկալելով հունգարական կողմի հնարավոր և գործուն աջակցությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մանկավարժական համալսարանի համատեղ նախաձեռնությունն ունեցավ իր պտուղները․ հինգ հայորդի Ամանորը կդիմավորի հայրենիքում, իրենց ընտանիքներում։

ՀՊՄՀ-ի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեցան գերեվարված հինգ հայորդիների վերադարձման գործում․ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում հովանու ներքո իրականացվեց ողջ գործընթացը, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանին, Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենին և Հայագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր Բալինտ Կովաչին։ Նա, ի դեպ, անձամբ է մասնակցել այդ գործընթացին և եղել Բաքվում։ «Մանկավարժական համալսարանի, հայ եկեղեցու և Հայաստանի հետ համագործակցությունն ունեցավ մարդասիրական և անչափ կարևոր ձեռքբերում»,-նշեց հայասեր գործիչն ու հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական։ Վերջինս այս գործում կարևորեց նաև Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Աշոտ Սմբատյանի դերակատարումը։

Լուսանկարը՝ Արտաքին գործերի նախարարության էջից

 

Աղբյուր՝ https://aspu.am/hy