Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Օլգա Թումանյանի 150-ամյա հոբելյանը նշվեց Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում։ Թանգարանը նախապատրասվել էր հոբելյանին՝ հրատարակելով «Մայրիկ»  գիրքը,որը ամբողջովին նվիրված էր Թումանյանի կնոջ նամակագրությանը,արխիվային փաստաթղթերին,թումանյանական ստեղծագործություններին  և այլ նյութերին։

Եվ բնական էր,որ թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը հոբելյանական միջոցառումը սկսեց գրքի շնորհանդեսով։ Բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանի գնահատմամբ այս գիրքը սկզբունքորեն հանրագիտարան է Օլգա Թումանյան-Մաճկալյանի մասին,եւ արդեն կարիք չի լինի  տարբեր աղբյուրներում նյութեր փնտրել։

Գրքի շնորհանդեսին հաջորդեց թանգարանի պատրաստած Օլգա Թումանյանին նվիրված «Մայրիկ» տեսաֆիլմի ցուցադրությունը, որտեղ իրենց կարծիքներն ու տեսակետներն էին արտահայտում բանասիրական գիտությունների դոկտորներ Ավիկ Իսահակյանը և Ազատ Եղիազարյանը։

Այնուհետև ներկայացվեցին Թումանյանի թոռնուհիներ Սուրմա Թումանյանի (Սանկտ Պետերբուրգ) և Իրմա Սաֆրազբեկյանի ( Գերմանիա, քաղաք Հայդելբեգ) հուշ-ուղերձներն իրենց տատի մասին։

Իրմա Սաֆրազբեկյանն իր որդու՝ Ռուբեն Քանքանյանի հետ խնդրել էին  թանգարանին հանձնել  Օլգա  տատիկի  թութունատուփը,  որը ողջ կյանքում նրա​ ​ հետ էր եղել։ Այն թանգարանին փոխանցեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը՝ հաղորդելով նաև լոռեցիների ջերմ ողջույնները հոբելյանի առթիվ։ Ի դեպ, տուփի վրա գրված է Օ տառը, ինչը նշանակում է, որ ըստ երեույթին հատուկ պատրաստված է եղել Օլգա տատիկի համար։

 

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Թբիլիսիի Թումանյանի տան տնօրեն Գիսանե Հովսեփյանը՝տեղեկացնելով,որ վիրահայերն արդեն տոնել են իրենց մեծ հայրենակցուհու հոբելյանը՝ ընդգծելով այն մեծ առաքելությունը Թումանյանի ժառանգության պահպանման գործում։

Ամփոփիչ էր թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանի ելույթը,որի ժամանակ ընդգծվեց այն դերակատարումը,որ ունեցավ Օլգա Թումանյանը թումանյանական գրական ժառանգության ու Թումանյանից հետո ընտանիքի պահպանման գործում։ Հանդիսությանը ներկա էին Թումանյանի եղբայրների թոռները`Հանրին և Լաուրան։ Վերջինս կիսվեց իր հուշերով։ Հուշեր պատմեց նաև Թումանյանների  նախկին հարևան Ժաննա Զուրաբյանը։

Հոբելյանական հանդիսավոր մասը եզրափակեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝պահպանիչ աղոթքով ու ջերմ մաղթանքներով։ Այս ամենին հաջորդեց ներկանների այցելությունը Օլգա Թումանյանին նվիրված  և նրա առնչվող իրերի ցուցահանդես։ Իսկ ավարտին ներկանները բաժակ բարձրացրեցին հայոց մեծ մոր կենացը՝հիշեցնելով, որ Օլգա Թումանյաի կյանքը դասեր է պարունակում բոլոր ժամանակների համար։

Ավելացնենք նաեւ, որ  Օլգա Թումանյանի ծննդյան կապակցությամբ նրա ձեռագրով գրված բաղադրատոմսերի համաձայն թխվել էին  թխվածքներ եւ «Մայրիկ» տորթը։
 
 
 

 Սեփ. թղթ. 

orer.eu

 

Լուսանկարները՝ Կարեն Սիմոնյանի