ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը՝ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գանտահարյանն ընդգծեց, որ Շառլ Միշելի հայտարարությունը հիմնականում հումանիտար հարցերի մասին է։
Նրա գնահատմամբ՝ անորոշ է «հակամարտությունից տուժած բնակչության վերականգնում» բանաձեւի իրականացումը։ «Մտաբերում եմ նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը, այն է՝ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են նախկին ԼՂԻՄ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո»։ Բնականաբար, չեն ճշտվել տուժածների վերականգնման ծրագրի մանրամասները՝ եղանակ, ժամկետ, միջոցներ։ Շառլ Միշելի խոսքով վճռորոշ նշանակություն ունի մարդասիրական գործողությունների իրականացումը։ Թերեւս, շեշտադրումը, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի իրականացմանն է վերաբերվում՝ «իրականացվում է ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակում»»,- նշեց նա:
«Վաշինգտոնի, Մոսկվայի, Բրյուսելի դերերի տեղաբաշխման քայլեր են նկատվում. ԱՄՆ-ը կզբաղվի Անկարա -Երեւան հարաբերությունների կարգավորմամբ, Եվրոպան՝ մարդասիրական աշխատանքներով, իսկ Մոսկվան սահմանազատման եւ սահմանագծման ընթացակարգերով»,- եզրափակեց նա։
Աղբյուր՝ «Արմենպրես»