Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Թերեզիենշտադտի ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի և Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ հայտարարությունը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ
 
2021թ․ դեկտեմբերի 9-ին, Թերեզիենշտադտի ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի Գործադիր տնօրեն Շիմոն Կրբեցի հրավերով, Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն․Գ․ Աշոտ Հովակիմյանն այց կատարեց Կենտրոն՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ։
2015թ․, երբ հայ ժողովուրդը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև՝ սահմանելով Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր, որը նշվում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 9-ին: Բանաձևը վերահաստատում է յուրաքանչյուր պետության՝ համապատասխան և անհրաժեշտ միջոցներով իր բնակչությանը ցեղասպանությունից պաշտպանելու պատասխանատվությունը, ինչը ենթադրում է նաև նման հանցագործության, այդ թվում՝ դրան դրդող գործոնների կանխարգելում։ Վերահաստատվում է նաև, որ ցեղասպանության հանցագործության անպատժելիության դեմ պայքարը նույնպես կարևոր գործոն է դրա կանխարգելման գործում։ Դեկտեմբերի 9-ի միջազգային օրվա հաստատումն ու կանոնավոր նշումը նպաստում են կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական հանրության և քաղաքացիական հասարակության՝ ցեղասպանության հանցագործության դեմ համախմբված շարունակական միջազգային ջանքերին:
Դեսպան Աշոտ Հովակիմյանը օտարերկրյա առաջին պաշտոնական հյուրն էր, ով հյուրընկալվեց Թերեզիենշտադտի նոր վերակառուցված Վիզերի տանը, որը պատրաստվում է դառնալ Թերեզիենշտադտի Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի նոր նստավայրն ու կրթական հաստատությունը։ Ճանաչողական շրջայց անցկացնելով՝ պարոն Կրբեցը ներկայացրեց կենտրոնի ընդհանուր ծրագիրը և առաջիկա նախագծերը: Դեսպանը հնարավորություն ունեցավ տեսնելու հատվածներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ արդեն նոր մասնաշենք տեղափոխված երկու ցուցահանդեսներից՝ «Հայոց ցեղասպանություն. լուսաբանում համաշխարհային մամուլի առաջին էջերում» և «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության մանկահասակ զոհերը», որոնց որոշ հատվածներ կրթական և իրազեկման նպատակներով թվայնացվել են Կենտրոնի կողմից:
Կողմերը մատնանշեցին Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը նշելու կարևորությունը ո՛չ միայն նման արատավոր հանցագործությունների զոհ դարձածների հիշատակը հարգելու, այլև իրազեկման բարձրացման և ապագայում նման հանցագործությունները կանխելուն ուղղված հավաքական ջանքերի խթանման տեսանկյունից։ Պարոն Կրբեցը և դեսպանը քննարկեցին ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման և ժխտողականության դեմ պայքարի ճանապարհին հանդիպող մարտահրավերները և այդ մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ քայլերը։ Երկուստեք ընդգծվեց կրթության առանցքային դերն այս ուղղությամբ։
Կողմերը եզրակացրեցին, որ գիտելիքի և իրազեկվածության պակասը բարենպաստ մթնոլորտ է ստեղծում կանխարգելման հիմնական խոչընդոտներ հանդիսացող ժխտողականության և անպատժելիության համար: Անցյալի հանցագործությունների ոչ պատշաճ դատապարտումը և պատժից խուսափումը պարարտ հող են ստեղծում ցեղասպանության ժխտման և արդարացման համար՝ ի վերջո հանգեցնելով զանգվածային վայրագությունների կրկնության, մինչդեռ ժխտված արդարադատությունը հետապնդում է ցեղասպանությունը վերապրածների սերունդներին և խոչընդոտում իրական հաշտեցմանը:
Այսպիսով, ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման խթանումը, ժխտողականության դեմ պայքարը և ցեղասպանության մասին կրթության խրախուսումը շարունակում են մնալ ցեղասպանությունների կանխարգելման մեր համընդհանուր օրակարգի հիմնական առաջնահերթությունների շարքում: Դեսպանը շնորհակալություն հայտնեց պարոն Կրբեցին նշյալ ուղղությամբ իր շարունակական ջանքերի և Կենտրոնի ու դեսպանության միջև հաստատված արդյունավետ և կառուցողական համագործակցության համար: Պարոն Կրբեցը ներկայացրեց Կենտրոնի՝ առաջիկա տարիների համար նախատեսված նորացված հայեցակարգը, և կողմերը քննարկեցին այդ ուղղությամբ հետագա համագործակցության հեռանկարները: Դեսպանությունն ու Կենտրոնը ձեռք բերեցին պայմանավորվածություն՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա նշումն առաջիկա տարիներին համատեղ խթանելու առնչությամբ։