Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայ-հնդկական կապերն ունեն դարավոր պատմություն: Դարերի ընթացքում զարգացել են ինչպես մշակութային,այնպես էլ հասարակական,քաղաքական հարաբերությունները:

Նոյեմբերի 25-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հանրային դասախոսություն՝ նվիրված Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման և գործունեության 200-ամյակին։ Օրվա բանախոսն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, որը երեք տարի զբաղեցրել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի վարչական տնօրենի պաշտոնը:

Մի շարք հոդվածների և գրքերի հեղինակ է, որոնցից հատկապես հիշարժան է 2007 թվականին հրատարակված «Արևմտյան Բենգալիայում թաղված հայ հոգևորականները» արժեքավոր աշխատությունը, որն անդրադառնում է Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի երբեմնի հայաշատ քաղաքներում՝ Կալկաթայում, Չինսուրահում և Սեյդաբադում թաղված հայ հոգևորականների տապանաքարերի արձանագրություններին, նրանց կյանքին և գործունեությանը։ Այն նախատեսված է հայագետների, բանասերների և ընդհանրապես հնդկահայ գաղութի պատմությամբ հետաքրքրվողների համար։

Հայր Զաքարիան ներկայացնելով ճեմարանի հիմնադրման պատմությունը նշեց, որ Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը սփյուռքի ամենահին և ցայսօր գործող կրթական հաստատություններից է, որը լուրջ դերակատարություն է ունեցել Հնդկաստանի հայ համայնքի պահպանման ու զարգացման գործում։ Ճեմարանը հիմնադրվել է 1821 թվականին բարերարներ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի նախաձեռնությամբ։ 1999 թ. Կալկաթայի Գերագույն դատարանի որոշմամբ Հայոց Մարդասիրական ճեմարանը հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի խնամակալությանը: Նույն որոշմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին է վերապահվել ճեմարանի գործունեությունը տնօրինելու իրավունքը: Ներկայումս հաստատությունում սովորող աշակերտների մեծամասնությունը Հայաստանից է, սովորում են նաև հայ աշակերտներ Իրանից, Իրաքից, Մյանմարից, Ռուսաստանից և հենց Հնդկաստանից:

 

Բովանադակալից դասախոսությանը զուգահեռ գրադարանի մեծ ցուցասրահում   Գրատպության թանգարանի նախաձեռնությամբ բացվեց Կալկաթայի հայկական տպարանները խորագրով ժամանակավոր ցուցադրություն։ Ցուցադրությանը ներկայացված էր ավելի քան 40 միավոր հնատիպ գրականություն։Այստեղ ներկայացված էին Ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի ֆոնդերում պահվող Կալկաթայում ժամանակին գործող տպարանների՝ «Հայկական մարդասիրական ճեմարանի», «Ազգասիրի Արարատյան ընկերության», «Անգլիական Եպիսկոպոսական ճեմարանի», «Աւետ Ջնթլումեանի», «Խաչկեան Քահանայի», «Կ.Պոլսոյ Առևտրական սենեկի լրագրոյ», «Միսիոներների Յովսէփ Ստեփանոսեան», «Ս. Նազարէթ եկեղեցու», «Վիջէնեանի Արծիվ», «Օլիմպյան Պրես» ավելի քան 30 հրատարակություն՝ գրքեր և ամսագրեր։

 

 

Գարիկ Ավետիսյան

 

Լուսանկարները Ազգային գրադարանի ֆեյսբուկյան էջի