Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանն աջակցում են երեք կազմակերպության Սոմալիում, ԿԴՀ-ում եւ Հնդկաստանում
Դեկտեմբերի 9, 2021 թ., Երեւան, Հայաստան․ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու «Հայփոստ» ազգային փոստային օպերատորը ներկայացրին նոր նամականիշ՝ նվիրված 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ Ֆարթուն Ադանին եւ Իլվադ Էլմանին: Մայր եւ դուստր Սոմալիում ղեկավարում են «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը: 2020 թ. նրանք «Ավրորա» մրցանակի դափնեկիր հայտարարվեցին առցանց, եւ կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների պատճառով հնարավորություն չէր եղել նրանց հանձնելու մրցանակը խորհրդանշող արձանիկը: Ի վերջո, հոկտեմբերին անցկացված 2021 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումների շրջանակում՝ Aurora Dialogues վենետիկյան քննարկման ժամանակ հնարավորություն ընձեռվեց Ֆարթուն Ադանին անձամբ ստանալու այն:
«Այսօր՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը, չափազանց կարեւոր է մտածել աշխարհում տեղի ունեցող արյունահեղությունների մասին, այն մասին, թե ինչ կարող ենք եւ պետք է անենք դրանք կանխելու համար: Այս նամականիշը մեծ պատիվ է, որը, հուսով եմ, հնարավորություն կտա ավելի շատ մարդկանց աշխարհում իմանալու մեր կատարած աշխատանքի մասին: Մենք իսկապես շատ զգացված ենք՝ Հայաստանից ստանալու մեզ նվիրված նամականիշը»,- ասաց 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Իլվադ Էլմանը: Ցավոք, այս տարի նա չկարողացավ այցելել Հայաստան եւ անձամբ ներկա գտնվել այս յուրահատուկ միջոցառմանը:
«Ավրորա» մրցանակի դափնեկիրներին նվիրված նամականիշներն «Ավրորան» թողարկում է 2017 թվականից՝ ամեն տարի, եւ հատկապես հպարտ է պահպանելու այս արժեքավոր ավանդույթն այսպիսի անորոշ ժամանակներում: Նամականիշի հեղինակն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության արտ-տնօրեն Ալլա Մինգալյովան է: 350 դրամ անվանական արժեքով այս նամականիշին կցված է 150 դրամ արժեքով նվիրատվության կտրոն:
«Այսօր մենք կմարենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը նվիրված հինգերորդ նամականիշը: Շատ ուրախ ենք այս տարի Ֆարթուն Ադանին եւ Իլվադ Էլմանին նվիրված նամականիշը թողարկելու առիթով: Հինգ տարի շարունակ «Հայփոստը» նամականիշներ է թողարկում՝ նվիրված «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին, եւ շարունակում նրանց մեծարելու ավանդույթը՝ վերջիններիս աշխարհին ներկայացնելով Հայաստանի միջազգային նամականիշների միջոցով: «Հայփոստը» հանձնառու է աջակցելու համաշխարհային մարդասիրական շարժմանը, ինչպես նաեւ աշխարհին ներկայացնելու հայկական մշակույթն ու պատմությունը»,- նշեց «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:
««Ավրորան» համամարդկային նշանակության մրցանակ է եւ տրվում է մարդկանց կյանքը բարեփոխելու գործում ունեցած համաշխարհային ներդրման համար: Նամականիշի թողարկումը շատ կարեւոր է ոչ միայն հայ, այլեւ միլիոնավոր այլ ֆիլատելիստների համար արտասահմանում»,- ասաց Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Յուրաքանչյուր նվիրաբերված 150 դրամը «Հայփոստը» փոխանցում է «Ավրորային», որն աջակցում է առաջադրված 15 կազմակերպության 36 մարդասիրական նախագծի: Դրանց թվում են նաեւ Ֆարթուն Ադանի եւ Իլվադ Էլմանի ընտրած կազմակերպությունները՝ «Love Does», «Փանզի» հիմնադրամ, «Փրաջվալա», որոնք պայքարում են ազատության եւ մարդու իրավունքների համար, բուժօգնություն տրամադրում մարգինալ խմբերին եւ փրկում սեռական թրաֆիքինգի զոհերին։
«Այն հանգամանքը, որ 2020 թ. «Ավրորա» մրցանակի մեր դափնեկիրները չկարողացան գալ Հայաստան, հիշեցում է այն մասին, թե կորոնավիրուսի պատճառով որքան շատ մարտահրավերների ենք շարունակ բախվում բոլորս: Բայց կյանքը դանդաղորեն վերադառնում է իր բնականոն հուն: Հիանալի է, որ եւս մեկ անգամ մենք կարող ենք հանդիպել եւ շարունակել մեր ավանդույթները, ինչպիսին օրինակ՝ այս գեղեցիկ նամականիշի օգնությամբ Ֆարթունին եւ Իլվադին մեծարելն է՝ արժանին մատուցելով նրանց աշխատանքին եւ գումար հանգանակելով բարի գործի համար», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը:
«Ավրորայի» ֆինանսավորմամբ «Love Does» կազմակերպությունն Սոմալիում սկսել է կառուցել Աղջիկների առաջնորդության ակադեմիա, նախակրթարան եւ միջին դասարանների դպրոց: 400 երեխա եւ նրանց ընտանիքները կօգտվեն այս երեք կրթօջախներից: Ակնկալվում է, որ կազմակերպության տեղական «Մանկան տուն» կացարանում կխնամեն 40 երեխայի, իսկ օգոստոսից գործող նրանց կենտրոնն արդեն աջակցել է սեռական եւ գենդերային բռնությունից տուժած 48 կանանց եւ երեխաների: Միաժամանակ «Love Does» կազմակերպությունը դպրոց է կառուցում նաեւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ)՝ Մուգանգա համայնքում, որտեղ կրթությունը հասանելի չէ: Ուսումնական հաստատությունը երկրորդ հնարավորություն կտա 300 երեխայի:
ԿԴՀ-ում «Փանզի» հիմնադրամն սկսել է երկու դպրոցի վերակառուցում, որտեղ սովորում է 1012 աշակերտ: Նրանցից 400-ի ծնողներն անցել են դասընթաց, թե ինչպես ստեղծել եկամուտ, սովորել ընտանիքում եւ համայնքում դրական երկխոսություն վարելու հմտություններ, մասնակցել մարդու իրավունքների եւ երեխաների պաշտպանության վերաբերյալ դասընթացի: Բացի այդ, «Փանզի» հիմնադրամի եւ «Ավրորայի» շնորհիվ 100 կին մասնակցել է դասընթացի, թե ինչպես ձեւավորել փոխադարձ համերաշխության խմբեր (MUSO) եւ ծավալել եկամտաստեղծ գործունեություն: Միաժամանակ տեղի առաջնորդներն անցել են վերապատրաստում երեխաների պաշտպանության եւ կանանց իրավունքների վերաբերյալ:
2021 թ. հունվարից-հունիս «Փրաջվալա» կազմակերպությունն «Ավրորայի» ֆինանսավորմամբ ամբողջական վերականգնողական ծառայություն է մատուցել Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում սեռական թրաֆիքինգի եւ սեռական հանցագործության զոհ դարձած 215 երեխայի: Ծրագրի նպատակն է նրանց համար ստեղծել կացարան, որտեղ նրանց կօգնեն հաղթահարելու տրավման եւ կհեշտացնեն նրանց պայքարը՝ հանուն արդարության:
Այսպիսի նախագծերի շնորհիվ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուղղակի եւ անուղղակի կերպով աջակցել է ավելի քանի 2.500.000 մարդու 50-ից ավելի երկրում: Օգնեք մեզ ընձեռելու երկրորդ հնարավորություն նրանց, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը՝ նվիրաբերելով «Ավրորային» այս հղմամբ՝ auroraprize.com/hy/donate:
* * *
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության:
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր եւ համանախագահ Փոլ Փոլմանը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը (1934-2021): Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:
Պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։ Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամներն են Կոստա Ռիկայի նախկին նախագահ եւ Նոբելյան դափնեկիր Օսկար Արյասը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը:
Մենք հարգում ենք Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (1928-2016 թթ.) հիշատակը: