Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

1988 թվականի աղետալի երկրաշարժից հինգ տարի էր անցել։ 1993 թվականի դեկտեմբերին ես ամփոփիչ հոդված էի գրել ԱՄՆ-ում հրատարակվող AIM \Armenian International Magazine\ 1990-2004\ ամսագրի համար։ Հոդվածում անձնական ոչինչ չկար, միայն ընդհանուր տեղեկություններ տեղի ունեցած աղետի մասին, եւ թե հինգ տարի անց ինչ վիճակում է աղետի գոտին։ Ես հրապարակել էի մի քանի թիվ, որ դեռեւս 58 հազար մարդ չունի բնակարան եւ 400 հազար մարդ օգնության կարիք ունի։ Չգիտեմ այս թվերն այսօր, երկրաշարժից 33 տարի անց, ինչպիսի փոփոխություն են կրել, բայց հավատացած եմ, նվազել են։

Սակայն AIM ամսագրի այս համարի հետ կապված մի այլ անհավատալի պատմություն եղավ, երբ ամսագրի գլխավոր խմբագիր Սալբի Ղազարյանը  գալով Երեւան, զանգահարեց ինձ, որպեսզի փոխանցի ամսագիրը։ Մենք հանդիպեցինք արտգործնախարարությունում, Վարդան Օսկանյանի սենյակում, քանի որ ամսագրի հիմնադիրներից էր նաեւ վերջինս, եւ Սալբին ինձ փոխանցեց ամսագիրը։ Ես անմիջապես սկսեցի թերթել, եւ հանկարծ նկատեցի իմ հոդվածը եւ քարացա, ավելի ճիշտ կարկամեցի։ Հոդվածիս էջում տպագրված էր տատիկիս լուսանկարը։ Նման զուգադիպություն ես չէի էլ կարող պատկերացնել։ Սալբին նկատեց, որ այլայլվեցի, բայց եւ չհասցրեց հարցնել, ես անմիջապես ասացի.«Տատիկիս լուսանկարը ինչպե՞ս եք գտել»։ Պարզվեց, որ իրենք էլ տեղյակ չեն եղել, որ լուսանկարում Վանաձորի իր տան շեմին նստած կինը տատիկս է։ Երեքս էլ մի պահ հուզմունքից քարացել էինք։ Համաշխարհային լրագրության պատմության մեջ նման զուգադիպություններ հազվադեպ են եղել, սա դրանցից մեկն էր։ Այդ լուսանկարի հեղինակը ամերիկացի լուսանկարիչ Ջ.Բերնոթն էր, որը երկրաշարժից հետո շրջել է Կիրովականում\Վանաձոր\ եւ լուսանկարել մարդկանց, իսկ տատիկս՝  իր տան շեմի աստիճանների վրա նստած։  Այդ տունը մինչ օրս էլ կա եւ քեռիս է բնակվում, բայց իրենց տան դիմացի երեք շենքն էլ երկրաշարժի ժամանակ փլվեց։  Ու երբ այդ ամսագիրը ցույց տվեցի տատիկիս, իրեն թվաց, թե ես եմ տպագրել իր լուսանկարը։ Հպարտանում էր, որ թոռը  «տպագրել է» իր լուսանկարը։

1988-ի աղետի հետ կապված այլ ծանր հուշեր էլ կան, որ տանում են Մոսկվա, ուր ես այդ պահին սովորում էի Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Երկրաշարժից երեք օր անց միայն իմացա, որ մերոնք ողջ են մնացել Վանաձորում։  9 հարկանի մեր շենքը կանգուն էր մնացել եւ մինչ օրս էլ կանգուն է։ Մեր հարազատներին նույնպես ոչինչ չէր պատահել։ Երկրաշարժի հաջորդ օրը, երբ գնացի համալսարան, շենքի բակ չմտած, նկատեցի, որ երկար հերթ է, որը դուրս է եկել շենքից  եւ շարունակվում է  մինչեւ փողոց։ Հարցրեցի ի՞նչ է պատահել, ասացին՝ Հայաստանի համար արյուն ենք հանձնում։ Թե ինչ կատարվեց ինձ հետ, արդեն չեմ հիշում, բայց հուզմունքից խեղդվում էի։ Ու դեռ չէի հասցրել հասնել լսարան, ինձ կանչեցին դեկանի՝ անփոխարինելի Յասեն Զասուրսկու մոտ։ Վերջինս նախ ցավակցեց երկրաշարժի զոհերի կապակցությամբ, ապա հանձնարարեց, որ մեկ շաբաթվա ընթացքում քննություններս հանձնեմ եւ մեկնեմ Վանաձոր՝ «Կայծ» թերթում 40-օրյա արտադրական պրակտիկա անցնելու եւ ծնողներիս մոտ լինելու համար։ Նման նրբանկատություն ես  չէի սպասում։ Ի դեպ, նույն վերաբերմունքը ցույց էին տալիս նաեւ մյուս դասախոսները։ Մեկնեցի Վանաձոր եւ թերթի գլխավոր խմբագիր Արծրուն Սարգսյանի ղեկավարությամբ անցկացրած այդ 40 օրերը ինձ համար դարձան ոչ միայն մասնագիտական, այլեւ կյանքի փորձառության աննկարագրելի ծանր, բայց եւ անչափ հետաքրքիր մի շրջան, որից հետո կապվեցի այդ թերթի հետ եւ հետագայում թղթակցեցի Մոսկվայից։ 

Ահա այսպիսի հիշողություններ, որոնք այսօր պարուրեցին ինձ եւ որոշեցի կիսվել նաեւ ձեզ հետ։

 

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր 

Պրահա