Դեկտեմբերի 3-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի համալսարանի երաժշտական ակադեմիայի դահլիճում տեղի է ունեցել «Կռունկ» հայկական դասական դաշնամուրային երաժշտության ձայնասկավառակի շնորհանդեսը։ Ձայնասկավառակում տեղ են գտել Կոմիտասի, Բաբաջանյանի եւ Խաչատրյանի ստեղծագործությունները հայտնի դաշնակահար Ռուբեն Դալիբալթայանի կատարմամբ։
Ձայնասկավառակի ներկայացման երեկոն տեղի է ունեցել Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի հովանու ներքո եւ նվիրված էր Հայաստանի անկախության 30 ամյակին։
Համերգի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Չեխիայում, Խորվաթիայում եւ Բալկանյան այլ երկրներում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, հայտնի խորվաթ երաժշտագետ Զլատկո Մաջարը։ Հայաստանի դեսպանը Ռուբեն Դալիբալթայանին է նվիրել վերջերս լույս տեսած խորվաթ հեղինակի՝ Միլյենկո Դոմիյանի Հայաստանին նվիրված գիրքը։
Շնորհանդեսի սկզբում ներկաներին ողջունել է եւ ապա ձայնասկավառակում ընդգրկված ստեղծագործությունները կատարել է անվանի դաշնակահար, պրոֆեսոր Ռուբեն Դալիբալթայանը, ով նաեւ դասավանդում է երաժշտական ակադեմիայում։
Համերգին ներկա են եղել Խորվաթիայի արտգործնախարարության ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, եւ Զագրեբի համալսարանի ղեկավարությունը։
Համերգից հետո Հայաստանի դեսպանության կողմից տրվել է ընդունելություն։
orer.eu