Հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկին և նրան ուղեկցող պատվիրակությանը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ երկու երկրներն ունեն բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչը լավ հիմք է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար: Նախագահի խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ և կարող են շատ բան անել միասին, միմյանցից շատ բան սովորել: «Անհրաժեշտ է քննարկել ապագային միտված ծրագրեր, որոնք հաշվի կառնեն առկա ներուժն ու կնպաստեն երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Նշելով, որ առաջին անգամ է այցելում Հայաստան՝ Չեխիայի արտգործնախարարն ասել է, որ այցի նպատակն է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին, հատկապես խթանել գործարար կապերը: Այդ նպատակով Չեխիայից նաև գործարարների պատվիրակություն է Հայաստան ժամանել, և իր այցին զուգահեռ՝ անցկացվում է գործարար համաժողով:
Համակարծիք լինելով, որ տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա, որն անհրաժեշտ է արդյունավետ իրացնել, զրուցակիցները նշել են, որ փոխգործակցության լայն հնարավորություններ կան հատկապես բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում։
Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուհանեկի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է Չեխիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և նշել, որ առկա է համագործակցության ընդլայնման չօգտագործված մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Կուհանեկի այցի արդյունքում այդ չօգտագործված ներուժից ևս մեկ բաժին կիրացվի: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Չեխիայի գործադիր մարմնին՝ Եվրոպական միության շրջանակում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին օժանդակություն ցուցաբերելու համար:
Յակուբ Կուհանեկը նշել է, որ Չեխիան ևս առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում: Չեխիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև չեխ գործարարներ, ինչը կնպաստի երկկողմ բիզնես կապերի խորացմանն ու համատեղ ներդրումային ծրագրերի քննարկմանը և իրականացմանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Եվրոպական միության կողմից Հայաստանին հատկացվելիք 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի կարևորությունը և վստահություն հայտնել, որ դրա շրջանակում նախատեսվող ծրագրերում ևս Հայաստանի ու Չեխիայի կառավարությունները կարող են սերտորեն համագործակցել:
Զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Վարչապետն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարություններին ու դրանց կետերի իրականացմանը՝ նկատելով, որ ադրբեջանական կողմն ի հեճուկս ստանձնած պարտավորությունների՝ մինչ օրս չի վերադարձրել հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց: Նիկոլ Փաշինյանը միաժամանակ շեշտել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման անհրաժեշտությունը և հիշեցրել, որ հայկական կողմն այս խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ հանդես է եկել համապատասխան առաջարկությամբ:
Վարչապետը հավելել է, որ հայկական կողմը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացը և ողջունել Նյու Յորքում ՄԽ համանախագահության շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Վարչապետը կարևորել է ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումն ու Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի իրացմամբ:
Յակուբ Կուհանեկը Չեխիայի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին և նշել ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին Չեխիայի ԱԳ նախարարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել իր երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշի՝ Չեխիա այցելելու հրավերը: Նիկոլ Փաշինյանը սիրով ընդունել է հրավերը և իր ջերմ ողջյունները փոխանցել Անդրեյ Բաբիշին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նույնպես ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկին:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը, կարևորելով հայ ռազմագերիների հայրենիք վերադարձի անհրաժեշտության առնչությամբ միջազգային հանրության դերը, ընդգծել է, որ դա ամենակարևոր հանգամանքներից մեկն է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման համար:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը և Չեխիայի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև Կառավարության հաստատված ծրագրով սահմանված հիմնական նպատակների, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների, իչպես նաև վերջերս համաձայնեցված ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո սահմանված ուղենիշների փոխկապակցվածության և փոխլրացման մասին:
ՀՀ փոխվարչապետը և Չեխիայի արտգործնախարարը քննարկեցին նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարը և երկուստեք շեշտեցին այդ ոլորտում առկա մեծ ներուժի իրացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում կողմերը կարևորեցին նախարարի հետ չեխական բիզնես համայնքի ներկայացուցիչների այցը Հայաստան և բիզնես ֆորումի կազմակերպումը, ինչպես նաև առաջիկայում հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը:
Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային զարգացումներին: