2021 թվականի ընթացքում Չեխիայի տասը քաղաքներում կներկայացվի Հայաստանի նյութական եւ ոչ նյութական ժառանգությունը, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Այս մասին ՕՐԵՐ եվրոպական ամսագրին հայտնեց այս ծրագրի հեղինակ եւ համակարգող Յիրժի Կրալիկը,նշելով, որ իրենց նպատակն է չեխական հասարակության շրջանում ավելացնել Հայաստանի մասին իմացությունը։
Նախագծով նախատեսվում է չեխական կարեւոր մոտ 10 քաղաքներում կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու նեռո գտնվող հայկական եկեղեցիների ու հուշարձանների ցուցահանդեսներ, ինչպես նաեւ ներկայացնել Չեխիայի հետ երբեւէ որեւէ կապ ունեցող կամ աշխարհին հայտնի հայ պատմական ու մշակութային գործիչներին։ Սի շարք քաղաքներում ցուցահանդեսներին զուգահեռ կկազմակերպվեն նաեւ հայկական երեկոներ, դասախոսություններ կամ հանդիպումներ։ Կներկայացվեն 14 մշակութային գործիչների եւ 43 հուշարձանների նկարներ՝ Յիհլավա, Բռնո, Ուհերսկի բրոդ, Օլոմոուց, Պրահա, Կարլովի Վարի, Լիբերեց, Օստրավա, Հոդոնին քաղաքներում։ Առաջին ցուցադրությունը տեղի կունենա մայիսի 3-ին Բռնոյում։
Նշենք, որ այս ծրագիրը իրականացվում է 2013 թվականից, եւ ամեն տարի ներկայացվում է երկու երկրի ժառանգություն։ Պարոն Կրալիկի ասելով, այս տարի ներկայացվում են չորսը՝ Հայաստանը, Բելառուսը, Ավստրիան եւ Չեռնոգորիան։
Ավանդույթի համաձայն ապրիլի 22-ին Յիհլավայի Սուրբ Հոգի եկեղեցու շրջակայքում ժամը 14-16-ը կնշվի Հայոց ցեղասպանության տարելիցը՝ ,,Ուրարտու,, հայկական մշակութային միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանի կազմակերպությամբ։ Պարոն Կրալիկն այստեղ կներկայացնի նաեւ վերոհիշյալ հայ մշակույթի գործիչների եւ հուշարձանների լուսանկարչական տեսասալիկները։
Ավելացնենք, որ միջոցառումների շարքը Յիրժի Կրալիկը իրականցնում է նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպանության եւ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հետ համագործակցությամբ։
orer.eu
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ partneři :: world-heritage (cultural-heritage.cz) եւ Arménie :: world-heritage (cultural-heritage.cz) կայքէջերում։