
Հայ հանրությունը ցավով տեղեկացավ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու՝ «Կանաչ ժամ»-ի, ինչպես նաև միջազգային հայտնի լրատվամիջոցի՝ BBC-ի կողմից փաստարկված Մեխակավանի (Ջեբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման մասին, որ տեղի է ունեցել ռազմական գործողություների ավարտից ամիսներ անց:
Օրերս էլ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին Իհլամ Ալիևը ալբանական հռչակեց, հայտարարելով, որ հայերը իբր կեղծել են եկեղեցու վրայի արձանագրությունները: Մինչդեռ պատմական իրողություն է, որ Ծակուռի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին XVII-րդ դարի կառույց է, հայկական Ծաղկավանք վանական համալիրից պահպանված միակ եկեղեցին։ Այս կերպ Ալիևը, շարունակելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, հող է ստեղծում հայ հոգևոր-մշակութային հուշարձանների յուրացման համար:
Հակառակ ադրբեջանական քարոզչամեքենայի պնդումների, պատմական փաստ է, որ Աղվանքը թե՛ իր հոգևոր և թե՛ մշակութային ժառանգությամբ որևէ առնչություն չունի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հետ: Աղվանքում է գործել հայ հոգևոր կենտրոններից մեկը՝ Աղվանից կաթողիկոսությունը, այդ մասին բազմաթիվ պատմական վկայություններ կան, այդ թվում՝ Պլինիոս Կրտսերի, Պլուտարքոսի, Կորյունի, Փավստոս Բուզանդի, Մովսես Կաղանկատվացու և վաղ շրջանի այլ հեղինակների գործերում:
Ադրբեջանի կողմից գրաված տարածքներում, որտեղից վտարվել է հայկական բնակչությունը, հազարավոր խաչքարեր, մատուռներ, եկեղեցիներ ու վանքեր, որպես հայ հոգևոր ժառանգության անձայն վկաներ, որոնք դարեր շարունակ կանգուն են եղել, դեռ սպասում են քրիստոնյա հայորդիների աղոթքին:
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների այս քաղաքականությունը՝ վերստին կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը՝ կասեցնելու համաշխարհային ժառանգության մաս կազմող Արցախի հոգևոր-մշակութային հուշարձանների ոչնչացումը։
Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հանձնախումբ
25 մարտի, 2021 թ․