Չեխական ՉՏ 24 հեռուստաալիքի միակողմանի ռեպորտաժը Ադրբեջանից
Չեխական ազդեցիկ օրաթերթերն այսօր էլ անդրադարձել են Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքայի սանձազերծած պատերազմին։ Ընդհանրապես, տպագրված հոդվածներում կամ մեկնաբանություններում նկատվում է հավասարակշիռ մոտեցում, բայց հիմանական միտումը երկու կողմերի տեսակետների ներկայացումն է, ինչպես արել են ,,, Դենիկ,, , ,Պրավո,, , ,,Մետրո,, կամ ,,Լիդովե Նովինի,, թերթերը, որոնք օգտագործել են ՉՏԿ լրատվական գործակալության հաղորդագրությունները։
,,Հոսպոդարսկի նովինի,, օրաթերթի մեկնաբան Օնդրեյ Սոուկուպը իր հոդվածի վերնագրում արդեն նշել է, որ Լեռնային Ղարաբաղի համար մարտակռիվը մաս է կազմում Ռուսաստանի եւ Թուրքիայի մրցակցության։ Հեղինակի կարծիքով, քանի որ տարծաշրջանում անկախ դիտորդներ չկան, կողմերի երկկողմ մեղադրանքները ստուգելու հնարավորություն չկա։ Ամեն դեպքում մեջբերում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի պնդումը, որ ադրբեջանական Գյանջայից թուրքական F-16ը ոչնչացրել է հայկական SU -25ը։ Եվ եթե Մոսկվան, Իրանը, Ֆրանսիան կամ ԱՄՆ-ն կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապա Թուրքիան իր ղեկավարների շուրթերով բացահայտ աջակցում է Ադրբեջանին։ մեջբերվում է Թուրքիայի արտգործնախարարի խոսքը, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին աջակցելու ոչ միայն բանակցությունների սեղանի շուրջ, այլեւ մարտի դաշտում։
Չեխ լրագրողը նշում է նաեւ, որ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել սիրիական Իգլիբի վարձկաններին։ Սրանք այն վարձկաններն են , որ Ռուսասատնի զինվորների դեմ են դուրս եկել եւ Սիրիայում , եւ Լիբիայում։ Չեխ խմբագիրը գրում է, որ Ռոյթըր գործակալության թղթակիցը զրուցել է Լեռնային Ղարաբաղի դեմ ճակատ տեղափոխված այդ վարձկանների հետ, որոնք նշել են, որ մեկ ամսվա համար վճարվում են 1500 դոլլար։
Երկու ծավալուն հոդված է տպագրել ամենաազդեցիկ օրաթերթերից մեկը՝ ,,ՄՖ Դնեսը», որոնց հեղինակներ Պավել Կոպեցկին եւ Յիրժի Սլադեկը հիմնական շեշտը դրել են այն իրողության վրա, որ Ղարաբաղում պտտվում են թուրքական եւ ռուսական շահերը։ Կոպեցկին կարծում է, որ այդ պայքարը միայն քրիստոնյաների ու մահմեդականների պարզունակ ատելություն չէ, այլ վերազգային խաղացողների պայքար էներգետիկ անվտանգության համար։ Փորձ է արվելու, ռուսական գազի ազդեցությունը Եվրոպայում փոխարինել ադրբեջանականով։
Իսկ Յիրժի Սլադեկը կրկին հիշեցնում է, որ դեռեւս Սովետական Միության օրոք , չեխական Պարդուբիցեի մարզի չափերով հայկական Լեռնային Ղարաբաղը ստալինյան ,,տրամաբանությամբ,, թողնվել է Ադրբեջանի կազմում։ Այժմ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին, իսկ Հայաստանին ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանիսան, քանի որ վերջին երկուսում հզոր հայկական համայնքներ կան, սակայն նրանք հեռու են գտնվում Հայաստանից։
Նորից նշվում է ադրբեջանական կողմում Թուրքիայի կողմից սիրիական վարձկաններ օգտագործելու փաստը։ Հեղինակն իր հոդվածն ավարտում է այն հարցադրումով, որ Եվրոպական Միության համար էլ շատ ծանր իրավիճակ է ստեղծվել, նոր էր հանդարտվել թուրք-հունական հակամարտությունը, իսկ այժմ կհաջողվի արդյո՞ք ԵՄ-ին հանդարտեցնել հավակնոտ Թուրքիային եւ անդրկովկասյան երկու երկրներին կրկին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։
Լուսանկարում՝ Վացլավ Չեռնոհորսկին
Ի տարբերություն նախորդ օրերի ռեպորտաժների, այսօր միակողմանի էր ՉՏ24 հանրային հեռուստաալիքի թողարկումը։ Լրագրող Վացլավ Չեռնոհորսկին հարցազրույցներ էր վարում հայկական կողմից ռմբակոծված Տեր Տեր գյուղիբ բնակիչների հետ, որոնք պատմում էին , որ կպայքարեն մինչեւ վերջ, թեկուզ աշխարհում մեկ արդբեջանցի մնա։ Ոչ մի հակակշռող ռեպորտաժ հայկական կողմից, կամ գոնե մեկնաբանություն։ Միակ նշումն այն էր, որ երկու կողմերից էլ կան քաղաքացիական զոհեր։
Ցավալի է, որ ՉՏ4 լրատվական ալիքը նման անարհեստավարժ մոտեցում է ցույց տալիս հակամարտության հետ առնչվող թեմային։ Այն հիշեցրեց երբեմնի սովետական հեռուստատեսության Վրեմյա միակողմանի ծրագիրը։
Պատրաստեց՝ Հակոբ Ասատրյան
Պրահա