Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենին:
Ողջունելով գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ դեռեւս թարմ են տպավորությունները հունիսին Շվեդիա կատարած պաշտոնական այցից, որի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները նոր էջ բացեցին հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում: Հայաստանի խորհրդարանի խոսնակը հավելել է, որ մեծ պատիվ է ընդունել իր շվեդ գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը Հայաստանում:
Անդրեաս Նորլենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ շվեդական կողմը շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները: Նա կարծիք է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները մտել են արագ զարգացման փուլ, որն ունի բավականին հավակնոտ օրակարգ:
Ըստ ԱԺ նախագահի՝ ակնհայտ է այն անկեղծ հետաքրքրությունը, որը ցուցաբերում է Շվեդիան թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, ինչի մասին խոսում են թե՛ բարձր մակարդակի փոխայցելությունները, թե՛ Շվեդիայի կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական աջակցության շոշափելի աճը: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը մեծ ցանկություն ունի համագործակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ջրային եւ անտառային ռեսուրսների կառավարման, հանքարդյունաբերական թափոնների կառավարման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Շվեդիայի խորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ խորհրդանշական է այցը Հայաստան հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Շվեդիան տոնում է իր ժողովրդավարության 100-ամյակը: Նա հավելել է, որ նման ներկայացուցչական կազմով, որն ընդգրկում է Ռիկսդագի բոլոր փոխխոսնակներին եւ քաղաքական խմբերի ղեկավարներին, Շվեդիայի խորհրդարանն այցելություն է ունենում միայն 4 տարին մեկ անգամ: Նա կրկին վերահաստատել է շվեդական կողմի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին եւ կայուն ազատ շուկային միտված բարեփոխումների ընթացքին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության խորհրդարանի՝ Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում են Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակները և բոլոր խմբակցությունների ղեկավարները:
ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ, ապա կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակության անդամների հետ:
Քննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը, այդ թվում նաև՝ Եվրոպական միության շրջանակում հայ-շվեդական կապերի խորացման հեռանկարներին:
ՀՀ վարչապետը և Շվեդիայի խորհրդարանի պատվիրակության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման շուրջ:
Պատվիրակությանը ընդունել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը
Օգոստոսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ նախարար Մնացականյանը գոհունակություն հայտնեց հայ-շվեդական հարաբերություններում առկա դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով, որ պարբերաբար տեղի ունեցող բարձրաստիճան այցելությունները և հանդիպումները, ինչպես նաև Շվեդիայի խորհրդարանի նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան ևս մեկ վկայություն են այն կարևորության, որ երկու երկրները տալիս են երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանը և հարստացմանը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց խորհրդարանական դիվանագիտության դերը և վերջինիս ներուժի լիարժեք կիրառումը հայ-շվեդական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:
Նախարար Մնացականյանը շվեդական պատվիրակության անդամներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ որպես կառավարության գերակայություն ընդգծելով դատական համակարգի բարեփոխումը՝ ուղղված վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, ինչպես նաև անկախության և անկողմնակալության ապահովմանը։ Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև բարձր գնահատեց Շվեդիայի գործուն աջակցությունը՝ Հայաստանի ազգային գերակայությունների խթանման և առաջմղման գործում:
Անդրադառնալով ԵՄ և Հայաստանի միջև հաստատված արժեքահեն հարաբերություններին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարն առանձնահատուկ կարևորեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք:
Զրուցակիցների խնդրանքով՝ նախարար Մնացականյանն անդրադարձ կատարեց նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերություններին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ առանձնահատուկ կարևորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը
Օգոստոսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի և երկու երկրների դեսպանների:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները սերտանում են՝ նպաստելով փոխգործակցության զարգացմանը: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Շվեդիայի Թագավորությանը Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար` մասնավորապես անդրադառնալով նաև խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի որդեգրման կարևորությանը հետագայում մարդկային կյանքում նման ոճիրների կանխարգելման առումով:
Նորին Սրբությունն իր խոսքում Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահին ներկայացրեց նաև Շվեդիայի հայ համայնքի եկեղեցական կյանքը` շնորհակալություն հայտնելով համայնքի հոգևոր-ազգային կյանքի անհրաժեշտ պայմանների ապահովման համար:
Իր հերթին տիար Անդրեաս Նորլենը նշեց, որ ծանոթ է հայ ժողովրդի հարուստ պատմությանը, ապա անդրադարձավ Հայաստան պատվիրակության այցի նպատակներին և սպասելիքներին:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ ժողովրդի դավանած քրիստոնեական արժեհամակարգին, Հայաստանում տեղ գտնող բարեփոխումներին, ժողովրդավարության արժեքներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակությանը մաղթեց առաքելության բարի արդյունավորում: