Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Կարլովի Վարիի 54-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակներից մեկը տրվեց հայկական ծագումով կինոռեժիսորին. Բացառիկ հարցազրույց ՕՐԵՐ-ին

Բորիս Ակոպովը մրցանակը ստանալիս/ Լուսանկարը՝ Կարլովի Վարիի կինոփառատոնի

Հուլիսի 6-ին Կարլովի Վարիում ավարտվեց 54-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ այս տարի  «Արեւմուտքից Արեւելք» ծրագրում գլխավոր մրցանակը շնորհվեց  ռուսաստանցի երիտասարդ կինոռեժիսոր Բորիս Ակոպովի «Ցուլը»  ֆիլմին։ Ինչպես արդեն գրել էինք, այս ֆիլմը գլխավոր մրցանակի էր արժանացել նաեւ հունիսի կեսերին Սոչիում անցկացված ռուսաստանյան 30-րդ «Կինոտավր» կինոփառատոնում, նաեւ  «Լավագույն օպերատոր» մրցանակին  եւ դրամական պարգևի։ Կարլովի Վարիում ռեժիսորին եւ ֆիլմի պրոդյուսերին տրվող պարգեւի չափը 15 հազար ԱՄՆ դոլար էր։

Ֆիլմը պատմում է 1990-ականներին  ռուսական քաղաքներից մեկում հանցավոր խմբավորման երիտասարդ առաջնորդ «Ցուլ» մականունով Անտոն Բիկովի մասին, որն իր ընտանիքը պահելու համար պատրաստ է ցանկացած  միջոցի դիմել։ Հերթական  ՙթաղային՚ հրաձգությունից հետո Անտոնը հայտնվում է ոստիկանության բաժանմունքում, որտեղից նրան դուրս է հանում մոսկովյան մի հեղինակություն՝  փոխարենը գլխավոր հերոսից պահանջելով փոքր, բայց վտանգավոր ծառայություն։  Ինչպես նշեց Բորիսը մեզ հետ զրույցում, սա իր մանկության ու պատանեկության տարիների տպավորությունների, իրական պատմությունների հիման վրա գրված սցենար է։

Ֆիլմի գլխավոր դերակատարաներն են ՝ Յուրի Բորիսովը եւ Ստասիա Միլոսլավսկայան։ Ֆիլմի պրոդյուսերներն են Կինեմատոգրաֆիայի համառուսական ինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի ռեկտոր Վլադիմիր Մալիշևը և կինոպրոդյուսեր Ֆյոդոր Պոպովը։ Ֆիլմին ֆինանսական աջակցություն է ցույց տվել Ռուսաստանի մշակույթի նախարարությունը։

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հետ զրույցում  Բորիս Ակոպովը շեշտեց, որ ֆիլմը նկարահանելիս ինքը չէր էլ մտածում, որ այն նման հաջողության կարժանանա կինոփառատոններում, ինչն արդեն հաճելի անակնկալ էր նրա համար եւ բազմաթիվ առաջարկներ է ստացել տարբեր պրոդյուսերներից։

Բորիսը ծնվել է 1985 թվականին մերձմոսկովյան Բալաշիխա քաղաքում։ Հայրը՝ Նոդար Ակոպովը թիֆլիսահայ է, քրեական գործերով քննիչ է, իսկ մայրը՝ լեհ-ռուսական արմատներով Նատալյա Հանսկայան կենսաբանության ուսուցչուհի է։ Ծնողների միակ կապն արվեստի հետ այն է, որ հայրը Խորհրդային Միության տարիներին ունեցել է «Բոյս բենդ» երաժշտական խումբը։ Պապը՝ Բանդո Ակոպյանը /Հակոբյան/ եղել է ռազմական օդաչու։ 

Լուսանկարում՝ «Ցուլը» ֆիլմի պրոդյուսեր Ֆյոդոր Պոպովը եւ կինոռեժիսոր Բորիս Ակոպովը մրցանակը ստանալուց հետո՝ Կարլովի Վարիի կինոփառատոն

Փոքր տարիքից մայրը նրան տվել է բալետային  ուսումնարան, այնուհետ ակադեմիա, ուր հաճախել է նաեւ քույրը։ «Բալետի համար պետք է ունենաս հատուկ հակումներ, աներեւակայելի աշխատասիրություն եւ ֆանատիզմ, ինչը ես չունեի։ Ես ավելի շատ խուլիգան էի, քան ֆանատ»,-պատմում է Բորիսը եւ շարունակում. «Ես ավելի շատ սիրում էի գրել եւ, իհարկե, կինո էի շատ սիրում։ Փորձեցի  ընդունվել Կինեմատոգրաֆիայի համառուսական ինստիտուտի սցենարի բաժին, բայց չստացվեց»։  Ստիպված սկսել է աշխատել տարբեր բալետային թատրոններում, այդ թվում՝ հայտնի բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչի մոտ, հանդես է եկել նրա բեմադրած երկու ներկայացումներում, եւ բալետային կարիերան ավարտել է Մոսկվայի Մեծ թատրոնում։ Այդ ընթացքում նաեւ առողջական խնդիրներ են ի հայտ եկել եւ 24 տարեկանում հրաժարվել է բալետից։  

ՎԳԻԿ-ի վավերագրական ֆիլմերի բաժին է ընդունվել, բայց մեկ տարի անց  նրան դուրս են թողել, ուստի սկսել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում աշխատել, տարբեր ֆիլմերում մասսայական տեսարաններում  է նկարահանվել, կատարել է կինոաշխարհի հետ կապված տարբեր աշխատանքներ, եւ վերջապես մեկ տարի անց կրկին ընդունվել է ՎԳԻԿ՝ գեղարվեստական ֆիլմի բաժինը՝ ռեժիսոր Անդրեյ Էշպայի վարպետանոցը։

2016թ-ին նկարահանել է դիպլոմային աշխատանքը՝ «Դրախտ» կարճամետրաժ ֆիլմը։ Այն արժանացել է ՎԳԻԿ-ի փառատոնի գլխավոր մրցանակին,  որը հանձնել է ժյուրիի նախագահ,  լեհ հայտնի կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին։ Այդ մրցանակից հետո իր նկատմամբ հետաքրքրություն է առաջ եկել, եւ դրան հետեւել է «Ցուլը» ֆիլմը նկարահանելու առաջարկը, որի սցենարն ինքն արդեն պատրաստել էր։  Այդպես պրոդյուսեր  Ֆյոդոր Պոպովի առաջարկով սկսել է նկարահանումները, որոնք շատ ծանր էին, քանի որ իր համար առաջին լիամետրաժ ֆիլմն էր, նաեւ սուղ էր ժամանակն ու ֆինանսները։

Բորիս  Ակոպովը հիացած է թե՛ «Կինոտավրի» եւ թե՛ Կարլովի Վարիի հանդիսականներից, եւ հույս ունի , որ նման հաջողություններից հետո ֆիլմը կցուցադրվի նաեւ ռուսական եւ եվրոպական կինոթատրոններում։  Այժմ ծրագրում է նոր ֆիլմ, որի մասին դեռ չի մանրամասնում, բայց այն նվիրված է լինելու պատերազմին։

Նրա հետ մեր բացառիկ հարցազրույցը կարող եք կարդալ ՕՐԵՐ եվրոպական ամսագրում, իսկ մինչ այդ ավելացնենք նաեւ, որ Կարլովի Վարիի կինոփառատոնի հիմնական մրցույթի գլխավոր «Բյուրեղապակյա գլոբուս» մրցանակին արժանացավ բուլղարացի կինոբեմադրիչներ  Կրիստինա Գրոզեւայի եւ Պետար Վալխանովի «Հայրը» ֆիլմը։ Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ  գերմանական «Լառա» ֆիլմը, ռեժիսոր՝ Ժան Օլե Գերստեր։ Այս ֆիլմի գլխավոր դերակատարաուհի Կորիննա Հարֆուչն արժանացավ «Լավագույն կին դերակատար» մրցանակին։

Լավագույն ռեժիսոր մրցանակը տրվեց բելգիացի Թիմ Միելանցին՝ «Պատրիկ» ֆիլմի համար։ Իսկ «Լավագույն տղամարդու դերակատարման համար» մրցանակը շնորհվեց Սլովակիայի եւ Չեխիայի համատեղ արտադրության  «Եղիցի լույս» ֆիլմի դերակատար Միլան Օնդրիկին։ Այլ մրցանակներ էլ տրվեցին, օրինակ «Արեւմուտքից Արեւելք»  մրցույթում ժյուրիի հատուկ մրցանակ տրվեց ուկրաինական «Իմ լուռ մտքերը» ֆիլմին՝ ռեժ. Անտոնիո Լուկիչ։ Վավերագրական ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակը տրվեց Կսենյա Օխապկինայի «Անմահը» ֆիլմին/Էստոնիա, Լլատվիա/, իսկ հատուկ մրցանակը՝ Միյե Լիի «Կոնֆուցիի երազանք» չինական ֆիլմին։ Եվրոպական կինոքննադատների ՖԵԴԵՈՐԱ կազմակերպության հատուկ մրցանակը տրվեց Թուրքիա, Գերմանիա, Ֆրանսիա համաետղ արտադրության թուրք ռեժիսսոր Սերհաթ Կարասլանի «Գրաքննիչը» ֆիլմին։ 

Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար մրցանակ տրվեց ամերիկյան կինոյի աստղ Պատրիսա Կլարկսոնին, ով ժամանաել էր Կարլովի Վարի եւ հիացել տեղի բնությամբ։

Ի դեպ, Կարլովի Վարին շատ էր հավանել նաեւ մեր ազգակից Բորս Ակոպովը, ով խոստացավ անպայման կրկին վերադառնալ Չեխիա։

 Այս տարի Կարլովի Վարիի կինոփառատոնում ցուցադրվեց 177 ֆիլմ՝ որից 156-ը գեղարվեստական, իսկ 29-ը՝ վավերագրական։ Դրանցից 34-ը համաշխարհային պրեմիերաներ էին, 8-ը՝ միջազգային, եւ 6-ը՝ եվրոպական։ Այս տարի ֆիլմերին հաճախեցին 11 հազար կինոսիրահարներ, որոնք ունեին փառատոնի անցագրեր, վաճառվել է ընդհանուր առմամբ 139 271 տոմսակ, փառատոնին մասնակցել են 395 կինոգործիչներ, 1158 ֆիլմաշխարհի պրոֆեսիոնալներ, եւ 605 լրագրողներ։ 

Կարլովի Վարիի 55-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 3-11-ը։

Հակոբ Ասատրյան

Պրահա

 

 

 Լուսանկարում՝ Պատրիսա Կլարկսոն

 Լուսանկարում հաղթանակած  բուլղարական ֆիլմի ռեժիսորները՝ Կրիստինա Գրոզեւա եւ Պետար Վալխանով

Լուսանկարում՝ Տղամարդու դերի լավագույն դերակատար Միլան Օնդրիկը

 Լուսանկարում Լավագույն վավերագրական ֆիլմի հեղինակ Քսենյա Օխապկինան

Լուսանկարում Ժյուրիի հատուկ մրցանակի, Էկումենիկ ժյուրիի մրցանակի դափնեկիր գերմանացի ռեժիսոր Ժան Օլե-Գերստերը 

 

 Լուսանկարում՝ հայտնի կինովավերագրող Օլգա Սոմերովային տրվեց հանդիսատեսի մրցանակը՝ Յիրժի Սուխիին նվիրված ֆիլմի համար