Ռումինիայի պետական սահմանները միջին դարերում փոփոխվել են. եղել են ժամանակներ, երբ նրանք լայնացել են՝ իրենց մեջ ընդգրկելով հարեւան երկրներից որոշ գավառներ եւ, հակառակը, եղել է, որ նրանք զգալի չափով նեղացել են: Մինչեւ ԺԸ դ. երկրորդ կեսը Ռումինիան բաժանված է եղել վարչական մի քանի իրարից անկախ երկրամասերի: Նրա հիմնական մասն կազմել է Մունթենիան կամ Վալախիան, որը գտնվում է Ռումինիայի հարավային մասում: Հնագույն շրջանում նա կոչվել է նաեւ Ցարա Ռոմընեասկը (Ռումինական երկիր): Որոշ դարերում Վալախիայի մասն է կազմել իրենից արեւմուտք գտնվող Օլտենիա նահանգը: Հայ մատնեագրության մեջ Մունթենիան անվանված է Մունթանաց կամ Օլախաց երկիր: Կան նաեւ հայ մատենագիրներ, որոնք Օլախաց երկիր են անվանում նաեւ Մոլդավիան: